Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/644

Այս էջը հաստատված է

ցոյց զքեզ Երուսաղէմ, մոռասցի զիս աջ իմ։ Կցեսցի լեզու իմ ի քիմս իմ. թէ ոչ յիշեսցիք զքեզ, թէ ոչ նախ նուագեցից զքեզ Երուսաղէմ սկիզբն ուրախութեան իմոյ։ Յիշեա Տէր զորդիսն Եդօմայ՝ յաւուրս Երուսաղէմի։ Ոյք ասէին քակեցէք, քակեցէք մինչև ի հիմն հասուցէք։ Դուստր բաբիլացւոց թշուառական, երանի որ հատոյց ըզհատուցումն քո, զոր դու մեզ հատուցիր։ Երանի, որ կալաւ զմանկունս քո և էհար զքարի» (Գիրք Սաղմոսաց, ՃԼԶ):

Բայրոնն ավելի հարազատ է մնացել սկզբնաղբյուրին։ Նրա բանաստեղծության մեջ գերի հրեաները չեն առնում տավիղներն ու չեն երգում, այլ պարզապես ցավով ու կարոտով հիշում են իրենց հայրենիքն ու լալիս երանի տալով այն օրվան, երբ աստված կպատժի բաբելացիներին և իրենց կազատի անարգ գերությունից։

Թումանյանը, որ աստվածաշնչային թեման մշակել է՝ աչքի առաջ ունենալով հարազատ ժողովրդի վիճակը, այն էլ կոտորածներից հետո, այնուամենայնիվ, չի կորցրել հավատը հայության ապագայի նկատմամբ։ Նրա բանաստեղծության մեջ գերիները երգում են։ Նրանց երգը հայրենիքին հավատարիմ մնալու երդում է և վրեժի հրավեր։ Այդ երգից հետո գերեվարողները զարմանքով ու վախով նկատում են, որ անկարող են եղել սպանել գերյալների ոգին։

Այս սաղմոսը, որն իր հայրենիքից վտարված հրեա ժողովրդի դառն ճակատագրի արտահայտությունն է, համահնչուն լինելով հայ ժողովրդի ազատագրական տենչերին, ստեղծագործական լիցք է տվել նաև Րաֆֆուն և Ավ. Իսահակյանին։ Րաֆֆին 1856 թ. գրել է «Իսրայելը Բաբելոնում» բանաստեղծությունը (տե՛ս Րաֆֆի, Երկեր, հ. 1, Երևան, 1983, էջ 44—45) և սաղմոսի խոսքերը դրել «Սամվել» վեպի հերոսներից մեկի՝ Հրեա երեց Զվիթայի բերանը։ Իսահակյանը 1893 թ. Տզ, № 25 տպագրել է «Իսրայելացիք Բաբելոնում» բանաստեղծությունը, որը հետագայում զետեղել է «Բանաստեղծություններ», Բաքու, 1903 թ. ժողովածուի մեջ (էջ 133—134)։


ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

(«Երբ խոսում են Վըրաստանի...»)

(էջ 286)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ, «Հոդվածի փոխարեն» ենթավերնագրով, տպագրվել է Հր, 1916, 18 սեպտեմբերի, № 208, այնուհետև՝ ԵԺ 1, 187—188։

Արտատպվում է Հր-ից: