Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/650

Այս էջը հաստատված է


իր հուշերում այս ոտանավորի գրության ժամանակը ետ է տանում 14 օրով։ «Հիշում եմ,— գրում է նա,— իմ երեկոյին՝ 1919 թ. ապրիլի 2-ին, նա մի պոեմ կարդաց, որն ամբողջովին նվիրված էր Վրաստանին և վրաց բանաստեղծներին» (ԹԺՀ, էջ 729)։ Անշուշտ, Տաբիձեի խոսքը հենց այս բանաստեղծության մասին է։ Մյուս կողմից, դժվար թե վրաց բանաստեղծը շփոթեր իր մեծարման երեկոյի օրը։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ոտանավորի առաջին գրառումը եղել է դեռևս ապրիլի 2-ին, իսկ մեզ հասած ինքնագիրը, որն, ի դեպ, մաքուր արտագրված է, պահպանել է վերջնական մշակման թվագրությունը։

ԳԱԹ Թֆ № 83 պահվում է ինքնագրի լուսապատճենը։

Առաջին անգամ տպագրվել է ռուսերեն, Ս. Գորոդեցկու թարգմանությամբ՝ «Джейран» ժողովածուի մեջ, 1919, էջ 3—6:

Հայերեն առաջին անգամ տպագրվել է Պր, 1929, № 134, վրաց բանաստեղծ Ի. Գրիշաշվիլու հետևյալ ծանոթությամբ. «Հովհ. Թումանյանի «Նվեր Վրաստանի բանաստեղծներին» այս բանաստեղծությունը թարգմանվել է վրացերեն և տպվել ի շարս Թումանյանի ուրիշ գործերի («Անուշ», «Մի կաթիլ մեղրը», «Գիքոր» և այլն) 1924 թվին։ Հայերեն դեռ լույս չի տեսել... Տեսնելով մեծ պոետի իդեաների կենսագործումը, անդրկովկասյան ժողովուրդների կուլտուրական կապի ստեղծումը, անհրաժեշտ եմ համարում տպագրության տալ այս բանաստեղծությունը»։

Այնուհետև տպագրվել է ԵԺ I, 196—197։

Տպագրվում է ինքնագրի լուսապատճենից։


1920

«ԶԸՎԱՐԹ ԵՐԱՄՈՎ ԴՈՒՔ ԵԿԱՔ ԻՆՁ ՄՈՏ...»

(էջ 306, 489)

Գրված է 1920 թ.:

ԹԸԱ պահվում է հեղինակի դուստր Թամարի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը։ ԳԱԹ Թֆ № 86 պահվում է մեկ այլ սևագիր-ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է «Նորք», 1924, № 4, էջ 63, այնուհետև ԵԺ I, 548։

Տպագրվում է Ա ինքնագրից։


ՏԻԵԶԵՐՔԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ

(«Որ հայացք ես ինձ տըվել վերամբարձ...»)

(էջ 307, 490)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, որ գրված է 1919—1920 թթ.։