Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/654

Այս էջը հաստատված է

Տպագրվում է ինքնագրից։

«Թող փչե քամին» երգի խոսքերը ըստ Ռ. Պատկանյանի («Հույս» բանաստեղծության), երաժշտությունը՝ ժողովրդական է։


1886

ՆԱՀԱՊԵՏԻ ՈՂԲԸ

(«Այս ի՞նչ ձայն է գալիս բարձրից, այս ի՞նչ կռռոց է տխուր...»)

(էջ 325, 494)

Գրված է 1886 թ.։

ԳԱԹ Թֆ № 14 պահվում է մեկ ինքնագիր, որի վրա Թումանյանը կատարել է մեկ ուղղում և թվագրել՝ «86»։ Սակայն նույն տեղում գրել է նաև՝ «1887 թ.»։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 434—435։

Տպագրվում է ինքնագրից։

Ոտանավորն արձագանքում է հայ ժողովրդի արևմտյան հատվածի ծանր վիճակին։ Գրված է Ղ. Ալիշանի (Նահապետի) հայրենասիրական երգերի խոր ազդեցությամբ։ Այդ երգերից Թումանյանը նաև փոխ է առել առանձին բանաստեղծական ոճեր ու բառեր։


1887

«...ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՍԵՐ ԵՐԳԵԼ»

(էջ 328)

Գրված է 1887 թ. վերջերին:

ԹԸԱ պահվում է 1890 թ. սեպտեմբերի 23-ից 25-ը բանաստեղծի՝ Օլգա Թումանյանին գրած նամակը, որտեղ կա այս երեք քառատողի ինքնագիրը հետևյալ ծանոթագրությամբ. «...Առավոտյան թղթերիս մեջ պատահմամբ գտա 87 թվականի վերջերին գրած մի բանաստեղծություն, որը գրել եմ քեզ վերա... Այնքան ինձ դյուր եկավ, որ հետս տարա կոնսիստոր, չգիտեմ այնտեղ մնաց, թե հետս բերեցի, վերջապես կորցրել եմ, վաղը կորոնեմ կոնսիստորում, բայց ահա նրա վերջին տները»։

Նույնը, համանման ծանոթագրությամբ, կա նաև 1890 թ. սեպտեմբերի 28-ին Ան. Աբովյանին հղած նամակում (տե՛ս ԵԺ V, 25—26):