Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/658

Այս էջը հաստատված է

չեղյալ է հայտարարել և նոր ընտրություն նշանակել ապրիլի 22-ին։ Այս անգամ պատգամավոր է ընտրվել Գ. Արծրունին։

13-րդ տողում հիշատակվում է քվեարկության կարգը, ըստ որի՝ հօգուտ պատգամավորի տրվում էր սպիտակ, դեմ՝ սև քվե:


«[ՄԻԱՄԻՏ] ԸՆԿԵ՛Ր, ԴՈՒ ՄԻ՛ ԶԱՐՄԱՆԱՐ...»

(էջ 342, 496)

Գրված է 1892 թ., ինչպես թվագրված է ինքնագիրը:

ԹԸԱ պահվում է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ՈՒՀ 1, էջ 304։ Ա. Ինճիկյանի հետևյալ ծանոթագրությամբ. «Գրել է 1892 թ. «Դեպի հայրենիք» անավարտ վեպի սկսվածքը պարունակող մատյանում, վեպի ֆրագմենտներին հաջորդող ազատ էջի վրա։ Սևագրություն է» (ՈՒՀ 1, 397)։

Տպագրվում է ինքնագրից։


«ԳԻՇԵՐԸ ԲԱԶՄԵՑ ԼԵՌՆԵՐԻ ՎՐԱ...»

(էջ 343)

Ըստ երևույթին, սկիզբն է մեզ չհասած կամ գուցեև չգրված ոտանավորի։ Որոշ նմանություն ունի «Նկարիչ Գ. Բաշինջաղյանի «Ձորագետը գիշերով» նկարի առջև» բանաստեղծության հետ։

Ինքնագիրը պահվում է ԹԸԱ № 10 ծոցատետրում, որի մեջ եղած նյութերը վերաբերում են 1891—1892 թթ.։ Այստեղից կարելի է ենթադրել, որ սա ևս գրված է նույն ժամանակ։

Առաջին անգամ տպագրվել է Լրաբեր, 1979, № 1, էջ 35։

Տպագրվում Է ինքնագրից։

Ինքնագրում Թումանյանը «Թանձր մռայլը» բառերի տակ գրել է՝ «Նրա ստորոտում»։


«ԵԹԵ ԳԻՏԵՆԱՍ ԻՄ ՑԱՎԸ, ՀՈԳԻՍ...»

(էջ 344, 497)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Մեզ հասած երկու ինքնագրերը պահվում են ԹԸԱ № 11 ծոցատետրում, որի նյութերը վերաբերում են 1891—1892 թթ.։ Այստեղից կարելի է ենթադրել, որ այս քառատողը ևս գրված է նույն ժամանակ։

Առաջին անգամ տպագրվել է Լրաբեր, 1979, № 1, էջ 34:

Տպագրվում է Բ ինքնագրից։