1894
«ՀԱՅՈՅ ՎԱՐԺՈՒՀԻ, ՈՂՋ 10-Ը ՏԱՐԻ...»
(էջ 351)
Գրված է 1894 թ. հունվարի 14-ին։
ԳԱԹ Թֆ № 636 (լրացուցիչ) պահվում է Ն. Սողալյանի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը՝ հետևյալ ընծայականով. «Օր. Նունե Սողալյանին՝ վարժուհության տասնամյակին, 1894 թ. 14 հունվ.»։
Առաջին անգամ տպագրվել է ԲԵՀ, 1972, № 1, էջ 155: Հրատարակել է Ա. Ինճիկյանը։
Տպագրվում է ինքնագրից։
«ԱՅՍ ՏՈՂԵՐԸ ԳՈՒՑԵ ՋՆՋՎԵՆ...»
(էջ 353)
Գրված է 1894 թ. հունիսի 2-ին:
Հնարավոր չեղավ պարզել, թե ում է ուղղված։ ԹԸԱ № 4 ծոցատետրում պահվում է ինքնագիրը։
Առաջին անգամ տպագրվել է Լրաբեր, 1979, № 1, էջ 29։
Տպագրվում է ինքնագրից։
Ո՛Չ, ԷԼ ԵՐԳԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԵՍ
(«Անմիտները մտան պարտեզ...»)
(էջ 354, 500)
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը պահվում է ԹԸԱ № 12 ծոցատետրում, որի մեջ եղած նյութերը վերաբերում են 1893—1894 թթ.։ Այստեղից կարելի է ենթադրել, որ այս ոտանավորը ևս գրված է նույն ժամանակ։
Առաջին անգամ տպագրվել է Լրաբեր, 1979, № 1, էջ 35։
Տպագրվում է ինքնագրից։
1896
ՀՈՒՅՍ
(«Մթնեց... Ինչո՞ւ ես տխուր, իմ ընկեր...»)
(էջ 355, 501)
Գրված է 1896 թ. հունվարի 14-ին։
ԹԸԱ պահվում է մեկ ինքնագիր։