Առաջին անգամ տպագրվել է ԲԵՀ, 1972, № 1, էջ 156։ Հրատարակել է Ա. Ինճիկյանը՝ այս և «Քեզ, գոված մուսա, ես չեմ ճանաչում» ոտանավորների մասին տալով հետևյալ ծանոթագրությունը. «Արտահայտում են ազգային մեծ բանաստեղծի միասնությունը հայրենիքի քաղաքական ճակատագրի հետ, նրա հոգու անվեհերությունը և աննկուն հավատը տառապող ժողովրդի «գալոց օրերի»—լուսավոր ապագայի նկատմամբ (նույն տեղում, էջ 151)։
Տպագրվում է ինքնագրից։
«ԵՐԲ ԹՈՒՅԼ ԵՔ ՏԱԼԻՍ, ՈՐ ՁԵՐ ԱԼԲՈՄՈՒՄ...»
(էջ 356)
Գրված է 1896 թ. մարտի 24-ին:
Նվիրված է Մարիամ Վարդազարյանին:
ԳԱԹ ՓՎֆ № 413 պահվում է Մ. Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը՝ թվագրված «96 III/24, զատիկ»։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 464։
Տպագրվում է ինքնագրից։
«ԿԱՐԾԵՍ ԹԵ ՔԻՉ ԷՐ, ԻՆՉ ՈՐ ԱՐԵՑԻՆ...»
(էջ 357)
Գրված է 1896 թ.:
ԳԱԹ ՓՎֆ № 413 պահվում է Մ. Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը:
Առաջին անգամ տպագրվել է Լրաբեր, 1979, № 1, էջ 27։
Տպագրվում է ինքնագրից։
1896 թ. մարտի 24-ին Մ. Վարդազարյանի ալբոմում Թումանյանի գրած «Երբ թույլ եք տալիս, որ Ձեր ալբոմում...» ոտանավորը (տե՛ս նախորդ ծանոթագրությունը) փոքր-ինչ վրդովել է նրա երկու մտերիմներին՝ Փ. Վարդազարյանին և Մխ. Տեր-Անդրեասյանին։ Ալբոմի երկու էջի վրա նրանք առանձին–առանձին պատասխանել են բանաստեղծին։ Մխ. Տեր-Անդրեասյանը գրել է. «Միայն բանաստեղծներն են, որ պատասխանատու չեն իրանց գրածների համար»։ Իսկ Փ. Վարդազարյանը. «Արձակ գրողները ներքուստ համոզված են լինում և երբեմն իսկ ստիպված են լինում օրը ցերեկով խոստովանելու, որ իրանք իրանց բանաստեղծներ համարողների ահագին մեծամասնությունը լոկ նախալներ են»։ Ի պատասխան Թումանյանը գրել է այս ոտանավորը։
Երկրորդ տողի կետերի վրա բանաստեղծն աստղանիշ է դրել, ապա տողատակ գրել՝ «Ծանոթ.», բայց այդպես էլ չի ծանոթագրել։