Այս էջը հաստատված է

կութային մեծ արժեք ու նշանակություն։ Ներկա հրատարակությունը կոչված է լինելու կարևորագույն քայլ այդ խնդրի իրականացման ճանապարհին։

Թումանյանի երկերի գիտական հրատարակության համար սկզբնաղբյուրի արժեք ունեն, ամենից առաջ, նրա կենդանության ժամանակ լույս տեսած ժողովածուները, ինչպես նաև չափածո և արձակ բազմաթիվ գործերի տպագրությունը առանձին գրքույկներով։ Սկսած 1890 թվականից մինչև 1922 թ., ավելի քան երեսուն տարվա ընթացքում Թումանյանը հրատարակել է հինգ համեմատաբար ծավալուն ժողովածու (1890, 1892, 1903, 1908, 1922), բոլորն էլ «Բանաստեղծություններ» ընդհանուր վերտառությամբ։ Այդ ժողովածուներն ամփոփում են քնարական բանաստեղծություններ, պոեմներ և բալլադներ, ինչպես նաև թարգմանություններ։ Մի քանի անգամ էլ Թումանյանը լույս է ընծայել չափածո երկերի ժողովածուներ՝ կազմված ժանրային կամ թեմատիկ սկզբունքով՝ «Դաշնակներ» (1893, 1896), «Լեգենդներ» (1904), «Հայրենիքիս հետ» (1916), «Քառյակներ» (1920)։

Հովհ. Թումանյանի անդրանիկ ժողովածուն («Բանաստեղծություններ», առաջին հատոր, Մոսկվա, 1890) իր պարունակած քնարական գործերով և պոեմներով («Լոռեցի Սաքոն», «Մեհրի», «Ալեք») հեղինակի անունը դասեց արևելահայ առաջատար բանաստեղծների շարքը։ Երկու տարի անց (1892) տպագրվեց «Բանաստեղծությունների» երկրորդ հատորը, ուր, ի թիվս այլ երկերի, տեղ գտան ևս երեք պոեմ («Անուշ», «Մերժած օրենք», «Մարոն»)։ Այս երկու հատորները, չնայած ուսումնառության և որոնումների շրջանում գտնվող հեղինակի նկատելի թուլություններին (որոնք հետագայում մղեցին նրան՝ էական վերամշակման ենթարկելու հիշյալ երկերից մի քանիսը), կարևորագույն նշանակություն ունեն Թումանյանի ստեղծագործական ուղու առաջին փուլը ճիշտ հասկանալու և գնահատելու համար։

Մեր դարի սկզբին Թումանյանն իր գեղարվեստական զարգացման մեջ հասավ վարպետության և խորության նոր,

7