Նորեկ գարունը լեռնական հային
Տեսավ առապար օտար աշխարքում,
Տեսավ մոլորված մտքով տխրագին,
Եվ այսպես խոսաց թախծալի սրտում.
5
«Հիշո՞ւմ ես, պանդուխտ, քո հայրենիքիդ
Թանձր անտառը, ծառերը հսկա,
Չքնաղ լեռները և ծաղկափթիթ
Մարգագետինը, որ այստեղ չըկա.
Գոչող ջրվեժը, որ ողողելով
10
Իջնում է գլխից մռայլ ժայռերի,
Զվարթ հավքերը, որ ճռվողելով,
Մերթ խլացնում են աղմուկը ջրի.
Երկրի վայրենի գեղեցկությունը
Եվ գեղածիծաղ երկինքը անհուն,
15
Նորա փառահեղ, պերճ հորիզոնը
Վաղ առավոտյան, իրիկվան պահուն…
Եվ այն բոլորը, որ թողել ես դու,
Որ ա՜յնքան փարթամ, այնքան սիրուն են…
Օ՜, մի՛ արտասվիր, խորտակված մարդու
20
Արտասուքները այստեղ գին չունեն։
Նրանք այս օտար ու սառն աշխարքում
Կըկորչեն, ինչպես կաթիլը ջրի,
Եվ քո թախիծը, դարձյալ քո օգտում,
Մենակ քո անձը պիտի տոչորի»։