նամակդ սեղանիս վրա։ Ամեն օր սպասում էի, հարցնում՝ չկար․ վերջապես։ Ես կարծում եմ, գրեթե ամեն օր նամակ կստանամ, իսկ դուք մի շաբաթ է հազիվ մինը ղրկեցիք1։
Հասցես գրեցեք. Абастуман, дача Корганова, որովհետև Մելիք-Հայկազյանների մոտ ճաշում եմ, իսկ էն սենյակը, որ ինձ էր հատկացրած, իրենցից երկուսը եկել են (տղեն ու ուրիշը) բռնել։ Էնպես որ, ինձ համար ուրիշ տեղ են սենյակ բռնել։ Բայց թե իմանաս ինչքան է դժար էստեղ մի անկյուն գտնելը և ինչքան է թանկ—կզարմանաս։ Լավ է, առանձին, թեև մի քիչ աղմկալի բակ է։ Ամեն բան առել եմ, էնպես որ սենյակս լիքն է։ Երևի էս մի ամսում լավ կկազդուրվեմ։ Առաջին օրերը մի քիչ տաքություն տվի, բայց շուտ անցավ։ էստեղ էլ ճաշերին տաք է անում։ Շատ ծանոթներ կան։ Հենց էս տանը, որ ես եմ—կենում են Ադամալովները, Նվարդն2 ասում է, որ Աշխենին նամակ է գրել Շուլավեր, Յարգուլյանները, կողքիս՝ Ոսկին, երևի կհիշես, ապա մի շարք ծանոթ բժիշկներ, որ ուսանող ժամանակ ծանոթ են եղել, այժմ բժիշկ են արդեն, որն Ախալցխայից, որն ուրիշ տեղից․ մի խոսքով շատ-շատ ընտանիքներ։ Շարունակ գալիս են մոտս, էնպես որ բավական այցելություններ եմ ընդունում ու ետ տալի։
Լավ եք արել, որ գյուղն եք գնացել, եթե Իգատակ հարմարություն լիներ—ավելի լավ կլիներ էնտեղ։ Դու ի՞նչ ես կարծում։ Աշխատիր, որ լավ սնունդ առնեք ու լավ կազդուրվեք։ Փողիդ մասին տեղեկություն տուր․ ասել եմ, որ օգոստոսի սկզբներին Շուլավեր մի հիսուն մանեթ փոխադրեն3, եթե էդտեղ էլ պակասելիս լինի—իմացրու, հեշտ է։
Արեգի աչքերին լավ ուշք դարձրեք, մյուսներին էլ զգույշ պահեցեք։ Խանազադն ու իր կինը գնացել են Իգատակ. ծանոթացիր, լավ մարդիկ են, տիկնոջը շատ կհավանես։ Եթե էնտեղ ուրիշ լավ բան էլ տեսնես—հո կգրես, որ տեսնեմ քեֆդ լավ է։ Բայց զգույշ, որ հետո էդ կողմերը գնալդ չփոշմանես։ Իհարկե, ամեն բանի մասին բաց ու պարզ կգրես, էնպես, թե իրար հետ ենք խոսում։