Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/125

Այս էջը հաստատված է



94. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ
Թիֆլիս—Վիեննա
1911, ապրիլ<ի երկրորդ կես>, Թիֆլիս
Սիրելի Ստեփան,

«Լուսաբերն» արդեն ուղարկել եմ։ Նամակիցդ հետո բավական ուշ ստացա գիրքը Երկու անգամ նայեցի․ մին նայեցի, մին էլ մի քանի օրից հետո։ Ճշմարիտն ասեմ, ուզում էի ավելի շատ փոփոխություններ անեմ, բայց զգուշացա։ Շատ անհարմար բան է, որ միասին չենք։

Թղթի համար իր ժամանակին խոսեցի Մյասնիկովի գործակատարի հետ. ասավ՝ ճշմարիտ էդպես մի պատվեր տվել է պ. Լիսիցյանը, բայց խազեյինս գիտի, նա կգա կասի։ Վերջը դուրս եկավ, որ պատվերդ չեն կատարել։ Գայդամակինի հետ խոսեցի՝ նա քիչ ուներ, 110, թե ինչքան, լավ չեմ հիշում։ Ասավ՝ թե պատվիրեք, մի ամսուկեսից կունենամ ինչքան ուզեք։ Բայց հիմի պատվիրելը վտանգավոր է, ով գիտի, երբ կստանան։ Մյուս ունեցած հարմարավոր թղթերի նմուշները տպարանը՝ տեր Գյուտը ղրկեց քեզ։ Որը հարմար կգտնես գրի։

Իհարկե, արդեն ստացել ես «Գիր»-ից2 սպասած գումարը։ Այդ գումարները ղրկելու համար, լրացնելու համար բաժնեդրամները միանգամից տալ եմ տվել մի քանի մոտիկ մարդկանց3։

Այս երկու օրը կուղարկենք «Հասկերը»—Ապրիլ։ Խմբ<ագրական> ժողովը շատ կանոնավոր և բարեխիղճ գալիս է։ Բայց, ինչպես նկատում ես, դրսից շատ նյութեր չեն դալի, շատ են գալի՝ խլամ։ Բաժանորդագրությունն էլ կաղում է։ Անշուշտ, այստեղ էլ մեծապես ազդել է և էն հանդամանքը, որ գործակալներից էս տարի չենք օգտվել։

Բայց թե ինչ խաթա փորձանքի մեջ ընկա «Հորիզոնի» գործով, հետո կպատմեմ4։ Հունվարի վերջից համարյա թերթին չէի նայում․ մոլորել էի, թե էս ինչ պատահեց․ թեև