Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/13

Այս էջը հաստատված է



1905



1. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս—Եվրոպա
<1905>, մարտի 9, Թիֆլիս

<1905>, մարտի 9, Թիֆլիս

Սիրելի Ռուստեմ,

Մի՞թե երկու ամիս է, ինչ գնացել ես և երևի դու այդպես էլ ժամանակը հաշվում ես— մի կամ երկու ամիս...

Բայց մենք այդ մի երկու ամսում դարեր ապրեցինք, Չինգիզ Խանի ու Լենկ Թեմուրի դարերը։ Նրանց անօրենությունները տեսանք XX դարում և օգնություն խնդրեցինք... տելեֆոնով ու հեռագրով...

Թանձր, բարբարոսական խավար և լիրբ մեքենայություններ. և մենք, որպես աստվածային մի ծանր պատիժ, ստիպված ենք տանելու, համբուրելու, եղբայր անվանելու։

Օ՜ֆ, Ռուստեմ, ես միանգամայն խորտակված եմ։ Այս մասին մտածելիս հոգնում եմ իսկույն։ Մեր արյունոտ անցյալը, մեր տանջալի ներկան, մեր մութ, անլույս ու անհույս ապագան ծանր քարերի նման պառկում են սրտիս։ Ափսոսում եմ մեզ։

Բաքվի կոտորածի օրերին՝ հենց այն սարսափի թարմ ժամանակ, Թիֆլիսում ժողովարանում մի ժողով արին, ինձ ու բժ. Մուրադյանին պատգամավոր ղրկեցին էջմիածին, կաթողիկոսին խնդրելու, որ գա։ Խեղճ ծերունուն գտանք անկողնում պառկած։ Երբ որ պատմեցի, վրա նստած էր անկողնում,— բավակա՜ն էր... բավակա՜ն էր... բավակա՜ն էր... աղաղակեց ու գլուխը ցած գցեց։ Այդ աղաղակը ես չեմ