Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/134

Այս էջը հաստատված է



105. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ

Թիֆլիս—Մոսկվա
<1911, հոկտեմբերի երկրորդ կես> Թիֆլիս
Ազնիվ բարեկամ
Ա. Ծատուրյան,

Որքան շնորհակալ եղա, որ նյութ էիք ուղարկել «Հորիզոնին» ու «Հասկերին», ավելի ևս շատ ցավեցի՝ Ձեր նամակից իմանալով, որ հիվանդ եք տակավին1։

Կարող եմ հաղորդել, որ «Հորիզոնի» գործն այժմ կարգի ընկավ։ Գլուխ բերինք մի ընկերություն մի քանի տասնյակ հազար ռ. դրամագլխով, որ ապահովում է թերթը։ Ընկերության գլխավոր անդամն ու կարգադրիչը և բաժնետերն է Համբ<արձում> Մելիքյանը, որը և վերցրել է ամենամեծ բաժինը—25.000 ռ․, այսինքն՝ կեսը2։

Այն էլ պետք է ասեմ, որ թերթն այժմ ունի 3200 տիրաժ և օր-օրի վրա ավելանում է:

Կարճ միջոցում կլավացնենք ամեն բան։ Եվ թեև մինչև այժմ էլ վճարում էինք ոմանց, բայց այժմ արդեն վճարը կլինի կարգին։ Հուսով եմ, որ կազղուրվելով, կաշխատակցեք, հավատացած լինելով, որ ըստ ամենայնի արժե։

Գալով կաթողիկոսական խնդրին, պետք է ասեմ, որ ինձ այնքան այդ խնդիրը չի զբաղեցնում ու վրդովում, որքան դրա շուրջ տեղի ունեցող տգեղ երևույթները։

Սուտ, սուտ, սուտ, կեղծիք, զրպարտություն, հայհոյանք, և ամեն տեսակ վատություն3։

Վերջապես շատ ենք փչացած ժողովուրդ։

Դե ե՛կ ու էս տեսակ մթնոլորտում ոգևորվիր ու բանաստեղծություն գրիր: Ամոթ էլ է։

Ջերմ բարևներով՝
Հովհ. Թումանյան

Չգիտեմ հոկտեմբերի քանիսն է,

Թիֆլիս