Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/176

Այս էջը հաստատված է

147. ՄԵՍՐՈՊ Տեր—ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս—Էջմիածին

<1913>, փետրվարի 11, Թիֆլիս

Սիրելի Մեսրոպ,

Ստացել եմ նամակդ1։ Էստեղ ամեն բան կգնա ավելի լավ, քան թե դու կարծում ես։

Շատ բան կա անելու, և դու էնքան բան կանես, որ նույնիսկ թշնամիներդ էլ կուրախանան։

«Հորիզոնի» կողմից միանգամայն համոզված պիտի լինես, որ ջերմ աջակցություն կունենաս։ Զանազան խոսքերի նշանակություն մի՛ տալ2։ Քեզ օրինակ պատգամավոր Բաբաջանյանը։ Նրա դեմ լարված էին ուղղակի3։ Եկավ էստեղ— նրա հետ միասին «Հորիզոնի» ամբողջ խումբը կանչեցի մոտս և ստեղծվեց ամենալավ մի հարաբերություն մինչև անգամ գործակցություն4։ Լավ բանին ինչ պետք է ասեն։

Բայց քեզ ասեմ ավելին։ Մեր ինտելիգենտ ուժերը համախմբվում են գրողների ընկերության մեջ, իսկ էս ընկերությունը այժմ վայելում է ամենքի համակրությունը և հետզհետե ավելի ու ավելի կդառնա սիրելի։ էստեղից դու կունենաս մշտական պաշտպանություն ու համակրանք։ Չէ որ քո օրով պետք է կարգի ընկնեն դպրոցական և այլ գործեր մեր թեմում, և գուցե նույնիսկ գրականությունը ի դեմս քո ունենա մի լավ բարեկամդ։ Վերջինս գործնականի մտքով եմ ասում։ Որովհետև դեռ ոչ մինը մեր բարձր հոգևոր հայրերից — կաթողիկոս թե առաջնորդ—չմոտեցավ գրականությանը։

Ջերմ բարևներով՝

քո Հ. Թումանյան