Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/180

Այս էջը հաստատված է
153. ՍԻՄՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Թիֆլիս-Բաքու
<1913>. ապրիլի 13, Թիֆլիս
Սիրելի Սիմոն,

Հետաքրքրությամբ հետևում եմ «Բաքվի ձայնին»։ Մի երկու անգամ «Հորիզոնի» խմբագրատանը տղերանցը հիշեցրել եմ, որ լավ կլինի իրար ձեն տաք, հարևանություն անեք, կապ պահեք—թերթերն իրար հետ խոսեն, խնդիրներ արծարծեն ու տաքացնեն։ Սրանք էլ անելու են, բայց դեռ կարգի չեն ընկած։ էդպես են ասում։ Սիմոն ջան, մի բան խնդրեմ։

Իհարկե, «Բաքվի ձայնը» կբարձրանա դպրոցական ֆոնդը պաշտպանելու և հասարակությանը կհորդորի դպրոցն ուժեղացնելու1, հավատացած եմ, որ դրա հետ միասին՝ ոչ դու և ոչ տղերանցից մինը կամ մյուսը չեք մոռանալ գրական ֆոնդն ու գրականություն2, բայց էլի հիշեցնում եմ։ Որ ամեն կողմից միանանք, ձեն–ձենի տանք, ժողովրդին ոգևորենք—մեծ բան կարելի է անել—դպրոցն ու գրականությունը (իհարկե, լայն մտքով գրականությունը) որ ուժեղացնենք—մեծ բան արած կլինենք։ Անտեր էջմիածինը ոչ հասկացողություն ունի, ոչ սիրտ։ Թեև հենց ինքնըստինքյան մի բախտավորություն է, որ գոնե գրականությունը ազատ է նրանց հովանուց։ Պետք է էնպես անել, որ գրական ֆոնդի հատկացրած գումարներ գան Գրական ընկերությանը, ոչ թե էջմիածին գնան։

Ասում եմ մի տուն առնենք, որ տեղ ունենանք, մի շարք ուսումնասիրություններ ձեռնարկենք—մեր երկիր, մեր ժողովուրդը, գրականություն լուրջ ուսումնասիրենք։ Մարդիկ կան—միջոց տանք, հնար տանք լավ գործեր անեն։

Շատ լավ տպավորություն է անում էստեղ էդտեղի նոր գրական շարժումը3։

Համբույրներով ՝
քո Հ. Թումանյան