Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/208

Այս էջը հաստատված է

Գրական աշխարհից գուցե գրեմ հետևյալ նամակով, ուշ թե շուտը՝ չգիտեմ, բայց կգրեմ4։ Դե վերջապես ամեն բան գիտես։

Ավոյին ասա՝ ներում եմ, որովհետև հիմար է, բայց ինչ ուզում է լինի—ընկերը ժայռի պես կլինի, էդպես չի լինիլ։

Ձերոնք էլ են լավ, մերոնք էլ, ամենքից էլ բարևներ ու համբույրներ։ Հավատում եմ, որ երկար չի քաշիլ, դարձյալ կհավաքվենք։ Պետք է ասեմ, որ հաստատ գիտեմ—կոմսը սրտով աշխատում է5։

Համբույրներով՝ քո Հովհաննես
190. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Թիֆլիս—Բաքու
<1914, ապրիլի 22, Թիֆլիս>
Սիրելի Ցոլակ,

Ես հո զարմանալի ծույլ եմ նամակագրության, բայց էն օրվանից, որ վերջին անգամ խոստացա նամակիդ պատասխանել հետս մի շատ ծիծաղելի դեպք պատահեց, որ բավական խանգարեց խոստումս կատարելու։ Ասում է խլնքոտին էլ ցուրտն է մահանա։

Բանն էն է, որ հենց էդ ժամանակ գլուխ եկավ հրատարակչական ընկերության ու իմ առուտուրը—Գրիմմի հեքիաթները թարգմանելու անախորժ աղմուկներից հետո։ Պետք է ավելացնեմ և շատ տգեղ, որ ինձ իրավունք տվեց նրանց հետ մի քիչ խիստ վարվելու։ Էդ ժամանակ էլ մի քանի հարյուր ռուբլի ավանս առա, մի հեռախոս էլ բերի դրի կողքիս, որ նստեմ պարապեմ, համ թարգմանեմ, համ գրեմ-կարդամ։ Հենց նստեցի թե չէ-մի երկու օրից հետո տեսնեմ պարտքատերերիս տոմսակներն ու պարտաթղթերս (որ աստված տվել է, չի խնայել) կարկուտի նման գլխիս թափեցին։