Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/21

Այս էջը հաստատված է

որ ակներև կարողացա իրար դեմ կանգնած ժողովուրդների սրերը պատյան դնել տալ և շատ ու շատ անմեղների ազատել այս գազանական կոտորածից։

Հիրավի, այսքան տգեղ, այսքան լիրբ, այսքան անիրավ, հրեշական կռիվ, ինչ որ թուրք-հայկականն է—դժվար թե եղած լինի։ Գուցե նախապատմական շրջաններում, երբ որ մարդիկ իրար ուտում էին։

Մենք այս ցած ու տմարդի կռվով միանգամայն դուրս մնացինք Ռուսաստանի ազատագրական մեծ կովից։ Այժմ մեզ մնում է մի առաքինության հնարավորությունը—աշխատել վերականգնելու և պահելու խաղաղությունը, շատ չտարվել այդ դժբախտ կռվով, շատ չբարբարոսանալ։

Մենք ուղղակի վայրենիանում ենք։ Առանց էն էլ ինչ էինք—հիմի էս էլ վրա հասավ։

Ահա շարունակ դրա դեմ եմ ես եղել կանգնած իմ ձիավորների բազմությամբ ու իմ սպիտակ դրոշակով։ Եվ շատ եմ գոհ այսօր, որ, թեև մեծ դժվարություններով, հաջողել եմ այն սահմաններում, ուր պտտվել եմ։

Հաճախ հիշել եմ քեզ և մոտիկ մի քանի մարդկանց, թե ինչ կասեիք, ինչպես պիտի ծիծաղեիք, երբ տեսնեիք լեռներում պատրոնդաշները գցած, զինված ոտից գլուխ, հարյուրավոր ձիավորներով ու ճերմակ դրոշակով։

Մի ուրիշ անգամ էլ կգրեմ այդ օրերից։ Այժմ մի քանի օրով եկել եմ Թիֆլիս։ Այսօր նորից վերադառնում եմ Լոռի։ Շիրինկինը գրել է, որ ինձ ձերբակալեն։ Տեսնենք ինչպես է վերջանում4։

Նորից մթնոլորտը խառնվում է. և ով գիտի էս կարկուտի տակից էլ կազատվեմ, թե չէ։

Ինձանից ու մերոնցից ջերմ համբույրներ ու բարևներ մայրիկին, Շուշանին, Մարուսյային ու Դավթին, Լիլիկին ու Միլիկին: Գրեցեք, տեսնենք ոնց եք։

Ինչպես են այժմ աչքերդ. հավատում եմ, որ պետք է առողջացած գաս։ Մեզ էլ այստեղ տեսնես ազատ քաղաքացիներ։