Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/212

Այս էջը հաստատված է

է էս անտանելի միասինը, թե բանը մի կողմ է կտրվելու։ Ես միանգամայն զզվել եմ։ էստեղ դեռ հով է։ Համբյուրներ քեզ ու Աշխենին։

Հովհաննես

193. ՄԱՐՈԻՍՅԱ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս — Դիլիջան

<1914, հունիսի կեսեր, Թիֆլիս>

Սիրելի Մարուսյա,

Ես դեռ Թիֆլիս եմ և աստծու ողորմությամբ շոգի հետ հով էլ է անում։ Մերոնք արդեն Ձաղվեր են։ Միայն Նվարդն է մոտս։ Տերտերն էլ գնում է Ռուսաստան ճանապարհորդելու, թեև ճամփին երկաթուղու խորտակումից և անմարս կերակուրներից և զանազան հիվանդություններից շատ է վախենում։

Արդեն սկսվել են իմ տառապանքները։ Շանթը հավաքել է մեծ քանակությամբ զիբիլ—այսինքն զանազան հոդվածներ ու ոտանավորներ, դարսել մի մեծ թղթի մեջ, վրեն գրել «Լուսաբեր V տարի»։ Պետք է դրանից բան շինենք, դրանց փոխարեն բան շինենք, վերջապես լեզուն շինենք։ Մի խոսքով, էս աշխարհքում ապրելը հեշտ բան չի։

Ի՞նչ է անում էդտեղի մեր խելոքների խումբը։ Երևի հիմի Նիկոլը գլուխներդ տանում է Օմար Խայամից։

Ոչ մեկիդ հասցեն չգիտեմ, բայց կարծում եմ, որ էդտեղ բացի Սամսոնին, կարող է պատահել, որ ուրիշներին էլ գտնի փոստը։

Շատ բարև մայրիկին, Ֆիլիպին և ջահել-ջհուլին ձեր տան։ Այլև բարևս հիշեք Դերենիկին ու իր տիկնոջը, Նիկոլին և ամենայն հարցանողաց։ Գրեցեք ձեր որպիսությունից, իսկ եթե մեզանից հարցանեք, փառք ամենակալին։

Ձեր Հ. Թումանյան