Միակ մխիթարանքը մնում է էն, որ անպիտան Գերմանիային ու Ավստրիային մի կջարդեն, և աշխարհքը երկար ժամանակ կհանգստանա։
Թիֆլիսից գրի—ինչ կա, ինչ չկա։
Բարևներ մերոնցից։
Պ. Ստ. Լիսիցյանին,
Ալեքսանդրապոլ
197. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ
Ջաղվեր– Թիֆլիս
Սիրելի Ստեփան,
Ստացա և Լևոնի նամակը, և քո հեռագիրը1։ Շատ ափսոս, որ չկարողացաք գալ։ Մի քանի օր էս հովումը միասին կլինեինք և «Լուսաբերն» էլ վերջին անգամ կտեսնեինք միասին։ Բայց չեմ իմանում Լևոնը կարողացա՞վ գնա, թե չէ՞2 ։ Ափսոս, շատ եմ ցավում, որ չտեսնվեցինք» Դու ասա կարողանալո՞ւ է հեշտ գնա, թե ճամփին հազար ու մի նեղությունների է ենթարկվելու։
Գրիր ամեն բանի մասին և թե ինչ կա Թիֆլիսում ու ինչ է կատարվում։ Հեռախոսով «Հորիզոնին» էլ ասա, որ, չեմ ստանում, ինչու չեն ղրկում։
Գալով Վահանին3—ոչ միայն չենք կարող գալ, այլ հեռագիր չեն ընդունում, որ հեռագրենք։ Նոր միայն հանգստանում եմ էստեղ — էն էլ տեսնենք։