Հիմի մնում է, որ դու խելքդ հավաքես, քեզ պահես, որ կարողանանք ուղղել, ինչ որ կարող ենք ուղղել, իսկ ինչ որ չենք կարող մենք ինչ անենք։ Քո աչքի առաջին էլ, իմ աչքի առաջին էլ օրական հազարավորները գնում են։ Ո՞ւմ ձեռիցն է ինչ գալիս։ էլի խելոքությունը, իմաստությունն ու համբերությունն են ամեն բանի հաղթում։
Քեզ պահի, ամենքիս հույսն էլ քեզ վրա է, որ թշնամու ոտի տակ չընկնենք, մեր տունը կանգուն մնա ու ոչ թե ընկնենք, այլ ավելի ու ավելի զորանանք, ավելի ու ավելի առաշ գնանք։ Վաղն էլ մեկս կամ մյուսը կարող ենք մեռնել կամ սպանվել, դրանից էլ հեշտ, տեսնում ես, աշխարհքումը բան չկա, մանավանդ էս անիծված ժամանակը, բայց էլի ապրողներր պետք է իրանց կարգին ապրեն։
Ամոսն ու Արմենուհին էլ6, Արշավիրի երեխեն էլ լավ են։ Ամոսին եկող տարվանից, ես կարծում եմ, կարող ենք բերել ուսումնարան տալ։ Զարմանալի սուր է ու ժիր։
Էսպես, Վահան ջան, տղամարդու նման ընդունիր էս վիշտը. ինչպես երևում է սիրտդ էլ արդեն իմացել է։ Ես էլ էս բոլոր վշտերից՝ ու նեղություններից համարյա ծերացել եմ, սպասում եմ, որ դուք մի հավաքվեք, երեխեքն էլ իրանց ճամփին զորանան, որ գոնե դրա մեջ մի մխիթարություն տեսնեմ։ Ամենքն էլ սպասում են, որ երբ որ դու կգաս—ամեն բան իր կարգը կընկնի։ Հիմի էդ հոգսի վրա եմ ես։
Էս քո ընկերն էլ, որ եկել էր, լավ տղա է։ Սրանց հետ խոսիր, խորհուրդ արա, մինչև որ մի քանի օր է, անց կկենա՝ կգաս։ Ամսի 29-ին քո անունով 25 ռ. ղրկեց Արտաշը։ Կստանաս։ Օլեն էլ, չգիտեմ ինչ է ղրկում, ինքը կգրի։
Նամակ գրի, տեսնեմ՝ ինչ ես մտածում, և ինչպես մի քանի անգամ գրեցի—քեզ լավ պահի։ Իմացիր, որ շատ հույսեր կան հիմի քեզ վրա։ Ում վրա որ էդքան հոգի մտիկ են անում, նա սարի նման պետք է լինի։
Համբույրներով՝