Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/241

Այս էջը հաստատված է

Ես էլ թեև կյանքին ու աշխարհքին շատ փիլիսոփայաբար եմ վերաբերվում և մի հաստատված խաղաղ վերաբերմունք ունեմ դեպի մահն էլ, բայց, այսուամենայնիվ, էս ամենը վրես շատ են ազդել։ Մանավանդ, ֆիզիկապես Էլ շատ եմ թուլացել։ Գրեթե երկու տարի Է Էս կոշմարի մեջ պտտվում եմ, ամառն Էլ ամառանոցի փոխարեն Էջմիածնի դժոխքն ընկա, նրանից հետո էլ երեք ամսից ավել հիվանդացա — իհարկե պետք է թուլանայի։ Ճշմարիտն ես լսել, որ հանքային ջրերը պիտի գնայի կազդուրվելու և հանգստանալու, բժիշկները էդպես էին խորհուրդ տալիս, բայց չեղավ։

էս երեխանց բանն էլ մի փորձանք է դարձել։ Հենց Տիգրանի էս տեղից դուրս գալու օրը Արտիկին կանչել էին զինվորագրության՝ ստուգելու առողջական դրությունը, իսկ Համլիկին, որ մի տարի ժամանակ էին տվել՝ բռնեցին տարան, հետն էլ պատերազմի դաշտից երկու եղբորս բերել էին հիվանդանոց։ էսպես էլ խառը դեռ մնում է ամեն բան։

Վերջապես երանելի Հոբի նման պիտի բացականչենք՝ օրհնված լինի աստծու կամքը։ Ուրիշ ի՞նչ անենք, ամեն բան հո մեր ձեռին չի։


Հեղինե ջան, Լևոնի (Շանթի) հետ ուղարկում եմ իմ նոր տպած բրոշյուրից—Նաղաշ Հովնաթանի մասին ու մանկական խաղերից — Հայոց առածների խաղը7։ Տիգրանի հետ էի ղրկելու խաղերը, ետևից բերինք վակզալ, չհասցրինք։ Գիրքը դուն ու Տիգրանը կկարդաք, կզարգանաք, խաղն էլ Վարուշը1 կխաղա, կզվարճանա։ Հետո երկուսդ էլ ձեր տպավորությունն ու կարծիքը կգրեք։ էսպես վշտի ժամանակ մարդիկ կան, որ իրենց գինուն են տալիս, մարդիկ կան՝ թղթախաղի կամ զանազան ուրիշ առաքինությունների—ես էլ էս բաներովն եմ զբաղվում պարապ ժամանակս։ Թե օգուտ չտան, վնաս հո իսկի չեն տալ։ Մերոնք՝ ամենքս էլ շատ ուրախացանք նամակիդ համար և շատ ու շատ բարևներ ենք անում քեզ ու Տիգրանին. համբուրում ենք Վարուշիկին, թեև նա Շան ու Կատվի մտերմությունը ավելի է գնահատում։ Տիգրանն ինչ է անում։ Ես շատ