Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/252

Այս էջը հաստատված է

Մի քիչ ավելի ուժով ու աշխուժով․ մեր գրականության գործով է, որ կարողանում եմ զբաղվել։ Կամ, թերևս, մեր կուլտուրայի առհասարակ։

Ձեր գնալուց հետո, Թիֆլիս խորհրդակցության հրավիրեցի մի քանի ուրիշ մարդկանց, որոնք մեծ սիրով մոտեցան գործին և խոստացան ամեն կերպ աջակից լինել գլուխ բերելու մեր գրականության և այնուհետև մեր կուլտուրայի ապահովության գործը7։

էստեղ էլ նոր մարդիկ հանձն առան գործին մոտենալու և միանալու։ Ըստ ամենայնի, ձեռնհաս ու կարող մարդիկ։

էսպես, աշնանը գործ կունենանք անելու։

Անշուշտ, ցավով կարդացիք, որ Բիթլիսի ու Մուշի շրջանում ռուսները մի քիչ ետ են քաշվել։ Հարկավ, դա մի կարճատև նահանջ է, բայց կարդալիս մարդու սիրտը կտոր-կտոր է լինում, երբ մտածում է, թե մեր թշվառ ժողովրդի մնացորդները, ուժասպառ, հյուծված մնացորդները տակավին մնում են հրոսակախմբերի ու բանակների ոտի տակ։

Շո՜ւտ, շո՜ւտ… և աստծու անեծքը բոլոր հզորների վրա։

Աշխարհքը պետք է նորոգվի։ էսպես՝ անկարելի է։

Բայց նամակս շատ երկարեց։ Ներեցեք, էս իմ սովորությանը հակառակ դուրս եկավ։

Գրեցեք խնդրում եմ. շատ շնորհակալ պիտի լինեմ։

Ընդունեցեք մերոնց և իմ լիասիրտ բարևները։

Միշտ Ձեր բարեկամը՝

Հ. Թումանյան

245. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Բորժոմ — Բաքու

1911, օգոստոսի 12, Բորժոմ

Սիրելի Ցոլակ,

Իմ տպագրած բանաստեղծությունների մեջ ամենահինը «Շունն ու Կատուն» է, որ գրված է 86 թե 87 թվականին,