Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/253

Այս էջը հաստատված է

լավ չեմ հիշում։ Մի խոսքով թվականը տակը կլինի: Ես հիշողությունով եմ ասում1: Եվ «Շունն ու Կատուն» եթե իմ առաջին գրքում (Մոսկվայի) չկա՝ պատճառը հանգ<ուցյալ> Արասխանյանի զարմանքն է, որ նա հայտնեց ինձ 1889 թվականին, երբ տարա նոր «Մուրճում» տպագրելու։ Կարդաց, շատ զարմացավ և հարցրեց, թե՝ ասացեք խնդրեմ՝ Շունն ու Կատո՜ւ և բանաստեղծությո՜ւն, սրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ, էն էլ էս տեսակ վայրենի լեզվով…

«Շունն ու Կատվի» հետ միասին գրվածներից է և «Անբախտ վաճառականները», բայց նա՝ դեռ չտպված՝ հիմնական փոփոխության է ենթարկվել։ Ապա թե գալիս են «Գութանի երգը», «Մարոն» և այլն2։ Իհարկե, չեմ հաշվում ամենահինը՝ էն սիրային ոտանավորը իր պատմությունով հանդերձ, որ գրված է չեմ հիշում 1881 թե 82 թվականին և մի դեպքի պատճառով մնացել էր ընկերներիս ձեռքին և հանգ<ուցյալ> Եղ. Թոփչյանը տպեց իր օրացույցի թե տարեցույցի հավելվածում3։

Ինչևէ։

Բայց հետաքրքրական է, թե ինչիդ է պետք։ Եթե ամյակի խնդիր ես հարուցանելու՝ պետք է զգուշացնեմ և հայտնեմ, որ ես հանդիսավոր երդում եմ արել գրող—ընկերների առջև՝ երբեք հոբելյան չտոնել։ Էդ տեսակ բանի անուն տալ՝ կնշանակի ինձ շատ ցավեցնել, մի բան, որ գոնե քեզանից չեմ սպասում։ Էն էլ էս տեսակ տարին, երբ առանց էն էլ ամենքս էլ շատ ենք ցաված, իսկ ես անչափ շատ։ Վերջապես ինչ տարի ուզում Է լինի։ Իսկ եթե պետք է գրական մի որևէ նպատակով—էս է։ Էլ հարց կունենաս, աչքիս վրա։ Միայն թե ղալմաղալի համար չլինի4։

Մի քանի տարի առաջ էլ Լեոն ուզեց խոսք բաց անի, դարձյալ «Շունն ու Կատվից» սկսելով, բայց որովհետև տրամադրությունս գիտեր՝ հարցրեց ու թողեց։

Մի քանի ամիս առաջ գրած նամակդ մնաց մինչև օրս էլ անպատասխան։ Եվ լավ եղավ, որովհետև էնքան տգեղ