Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/257

Այս էջը հաստատված է



247. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

ԹԻֆլիս–Բաքու

<1916>; 21 սեպտեմբերի, Թիֆլիս

Սիրելի Ցոլակ,


Սաստիկ տաքությունս բռնել է, հիվանդ, անկողնումն եմ։ Էլ ոչ մի կասկած չկա, որ կրկնվել է հին մալարիան։ Եվ ես կարծում եմ՝ էնքան Բորժոմը չի մեղավոր, ինչքան ես։ Ընկել էի աստղերի ետևից, գիշերները ժամը 3—4-ին դուրս էի գալիս անկողնից Վեներայի ծագումը տեսնելու, Հայկը, և այլն, և այլն, և ահա Վեներայի ետևից ընկնելով՝ բանը էստեղ հասավ։

Ստացել եմ բաց նամակդ1 և Պատկանյանի արձանի բացմանը ղրկած քառյակը2։ Զարմանալին էն է, որ իսկի միտս չի գալիս։ Բայց մի՞թե չես նկատել, որ էս Գամառ Քաթիպայի իրեն տողերն են — «Հեռացել եմ իմ մայրենի աշխարհից» ոտնավորից, մի քիչ փոփոխած։ Սրան կասեն — «Ջքոյդ ի քոյոցս քեզ մատուցանեմ»։ Ինչևիցե, իհարկե, նա մնալու է մեր գրականության պատմության մեջ։

Մխիթարն էստեղ էր։ «Մոծակն ու Մրջյունը» պետք է բերեր «Գործի» համար։ էնպես անակնկալ է դուրս եկել, որ էլ իրար չենք տեսել, թեև պայմանավորվել էինք։

Ա՛յ տղա, էս անտեր գրել չեմ կարողանում։ Մի խոսքով «Մոծակն ու Մրջյունը» ղրկում եմ։ Թիֆլիսի ջրշաններում արդեն տարածվել է, և կարծում են «Շունն ու Կատվից» ավելի լավն է3։

Աստված ինձ էլ էս տեսակ անասուններից է տվել՝ շուն, կատու, մոծակ, մրջյուն։ Մարդ չի կարող երևակայել, թե աստված իր բախտն ինչի հետ է կապել։

Շատ բարևներով և սիրով՝

Հ. Թումանյան