Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/258

Այս էջը հաստատված է



248. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Թիֆլիս–Բաքու

<1916>, 25 սեպտեմբերի, Թիֆլիս

Սիրելի Ցոլակ,

Առողջությունիցս ես հարցնում1։ Շնորհակալ եմ։ Թեև առողջությունս իսկի առողջություն չի, բայց էնպես բաներ են պատահում, որ մարդ առողջությունն էլ է մոռանում, հիվանդությունն էլ։

Հենց էս րոպեին ես էդ տեսակ մի դրության մեջ եմ, էնպես է վրես ազդել մի դեպք։ Դու գիտես, որ ազգը Լեոյի համար հոբելյան կատարեց2, հավաքած փողով մի տուն առան իրեն տվին։ էդ տանը ուրիշ կենողների թվում երկու սենյակի մեջ ապրում են և Ղ. Աղայանի կինն ու տղեն։ Եվ ահա, չնայելով նույնիսկ կառավարության կարգադրություններին, որ տանտերերը դուրս չանեն, թե չավելացնեն կենողներին, տիկին Լեոն, իբրև թե պ. Լեոն ձեռնպահ է, նահանգապետի միջոցով դուրս է անում Ղ. Աղայանի կնոջն ու որդուն, և գիտե՞ս ինչ պատճառաբանությամբ.

— Թե՝ սենյակների վարձը չեն վճարում ժամանակին։

Որովհետև մի քանի օր ուշացրել են, թեկուզ լինի մի քանի շաբաթ։ Եվ, թեպետև սրանք տուն չեն գտնում, այսուամենայնիվ, դուրս պետք է գնան, թեկուզ փողոցը…

Ես չգիտեմ մի վաճառական, մի օտար, ով ուզում էր լիներ, էսպես կվարվե՞ր Աղայանի ընտանիքի հետ, թե չէ, միայն էն գիտեմ, որ իմ տանտերը — մի Ս. Մանվելյան, մի կոմերսանտ մարդ, 1500 ռ. թողնում է վրես ամիսներով՝ թեկուզ և պայման ունեմ կապած հետը, թեպետ էս մարդն էլ իր տունը հայոց ազգից հոբելյանով չի ստացել․..

Մարդ հիվանդանում է սրտի ցավից ու նեղությունից։

Եվ ահա Ղ. Աղայանի կինը մոտս տարակուսած նստած, թե ի՞նչ անեմ, թեպետև ոստիկանությունը եկել է տեսել արդեն վճարած, միայն ուշացրել է...