259. ԵՐՎԱՆԴ ԹԱՂԻԱՆՈՍՅԱՆԻՆ
Թիֆլիս–Բաքու
Վերջապես, սատանի ականջը խլանա ու ոտը կոտրի, մի հոդված ղրկեցի «Գործին»։ Հետո, երևի, ուրիշ տեսակի ապրանք էլ կղրկեմ։ Բայց բանն էն է, որ մինչև էսօր կատարյալ խայտառակ եղա։ Ախր, բա որ էն գլխիցը չէի ուզում ավանսը վերցնեմ՝ գիժ հո չէի՞2։ Ես իմ բանը գիտեի՝ չէ՞։ Հիվանդ, հոգնած, հազար ու մի բանի մեջ խառնված, տրամադրություն չկա։ Ես էլ գիտեմ, որ փողի խաթեր չեմ գրելու։ Զոռ արիք՝ վերցրի, խայտառակվեցի։ Շատ բան ունեմ, ճիշտ է, բայց որը կիսատ֊պռատ, որը անմշակ, որը գլխումս, և այլն, և այլն։
Հիմի էլ գնում եմ Պյատիգորսկ, հիվանդ եմ3։ Ջղերս բոլորովին քայքայվել են, դառել մաշված պրանգալ[1], սիրտս թուլացել է, դատարկ պարկի պես կախ ընկել։ Դե տեղն էլ ինչ մնաց։
Գնամ մի քիչ պաչինկա ըլեմ, վերանորոգվեմ, տեսնենք ինչ է դառնում։
Էն էլ շարունակ ինձ թվում է, թե որտեղ որ է՝ մեր աշխարքը տակն ու վրա է լինելու։ Ոնց որ մի լցրած խախուտ թվանք բլի մի խամ մարդու ձեռքի, որ սպասում ես, թե հրես որտեղ որ է կտրաքի ու․․․
Բայց թուղթս հատավ, ես էլ վռազ եմ, մոտս հյուրեր են գալիս։
Ջերմ բարևներով՝
Պ. Երվանդ Թաղիանոսյանին
- ↑ Թոկ, պարան