Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/271

Այս էջը հաստատված է

Շատ սրտով ուզում էինք Լիզային ու աղջիկներին տեսնել— առաջին անգամ չգտանք, երկրորդ անգամ տեսանք միայն Ժենյային ու Կատյային։ էս անգամ բոլորին կտեսնենք։ Ռուստեմն էլ չավ է, Յուզիայի եղբայրն է մեռել։ Համբույրներ ու բարևներ ամենքիդ։

262. ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻՆ

Պյատիգորսկ — Բաքու

Օգոստոսի 11, 1917, <Պյատիգորսկ>
Մեծարգո պ. Աճառյան,

Ձեր՝ Թիֆլիս ուղարկած նամակը երկար ճամփորդությունից հետո հասավ ինձ։

Պատասխանը արդեն գրել եմ Ն. Նախիջևան, բայց, ինչպես երևում է, Դուք արդեն հեռացած եք եղել Ն. Նախիջևանից։

Էսօր էլ ստացա Ձեր երկրորդ նամակը Բաքվից և շտապում եմ սրան էլ պատասխանել։

Դուք Ձեր երկրորդ նամակում հարցնում եք Հայկական համալսարանի մասին։

Հայկական համալսարանը լինի, թե չլինի՝ Ձեր խնդիրը ես համարում եմ վերջացած։ Հայկազյան ընկերությունը միայն համալսարանի համար չի, այլև նա իրենց կողմնակի պաշտոններից ազատելու է մեր գիտության, գրականության ու գեղարվեստի մարդկանց (հարկավ ոչ ամեն մեկին) և նրանց հնարավորություն է տալու, որ իրենց գործով ու իրենց մասնագիտությունով զբաղվեն։ էդ մարդիկ պետք է ընտրվեն աշնանը, բայց էն շատ քչերից մեկը, որոնց մասին խոսք է եղել, և որոնց վիճակը նախորոշված է՝ դրանցից մեկը Դուք եք։

Ձեր առաջին նամակն ստանալուն պես Ձեր մասին գրել եմ Թիֆլիս և դեռ պատասխան չունեմ մեր նախագահից ու մարմնից (ժամանակավոր), բայց մասնավորապես ես կարող եմ Ձեզ վստահացնել, որ Դուք արդեն Հայկազյան ընկերության ընտրած գիտնականներից մեկն եք և աշունքից ազատ պիտի զբաղվեք Ձեր մասնագիտությամբ։