Սրա միայն պաշտոնական ձևակերպությունն է մնում։ Անցյալ տարի առաջին նամակն էլ, որ Ձեզ գրեցի, գրեցի հիմնադիր անդամների համաձայնությունով ու լիազորությունով։
էս մեկ։
Երկրորդը։ Համալսարանի գործն էսպես եղավ։ Մի քանի նիստ ունեցանք պրոֆ. Մառի ջերմ մասնակցությամբ, կազմվեց Հայկական համալսարանի իդեալ ծրագիրը, որոշվեց աշնանից բանալ լեզվական, գրական ու պատմական ֆակուլտետները, բայց երբ խնդիրը եկավ պրոֆեսորներին, հայտնվեց, որ պրոֆեսուրա չկա։ Որոշվեց՝ փոխանակ համալսարանը բանալու՝ առայժմ մեր գիտության մարդկանցից ոմանց հնարավորություն տալ Հայկազյան ընկերության միշոցներով՝ Ռուսաստան թե արտասահման՝ պատրաստվելու առաջիկա համալսարանի համար։ Էստեղ էլ դարձյալ ձեզ ի նկատի ունենք։
Վերջապես ձեզ ի նկատի ունենք նաև էն խմբի մեջ, որ կազմված է լինելու մեր գիտնականներից ու բանասերներից, և որին առայժմ Հայկական ակադեմիա բարձր անունն ենք տալիս։
Ինչպես տեսնում եք, ինչ էլ որ լինի՝ Դուք այսուհետև պիտի ձեզ նվիրեք հայոց լեզուն ուսումնասիրելու և հավաքելու գործին, մի գործ, որի մեծությունը Դուք ամենից լավ գիտեք, և մի գործ, որի համար Դուք, եթե չեմ սխալվում, անփոխարինելի եք մեր մեջ։
263. Հակոբ Սառիկյանին
Պյատիզորսկ—Վլադիկավկազ
Ի՜նչ լավ եղավ, որ էն մի քանի օրը միասին անցկացրինք։ Ինձ էնպես է թվում, թե մի շատ թանկագին բան եմ