Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/276

Այս էջը հաստատված է

ուսումը ուշ է սկսվում։ Ուտելիքի ու ամեն բանի մեծ առատություն է էստեղ։ Շարունակ լիքն է ամեն բան։ Տան ու Համլիկի դարդը չլիներ, դուն ու Արեգն էլ գայիք միառժամանակով։ Լավ կլինի, որ Արեգը գա այսուամենայնիվ։ Արտիկն էլ գրել էր, թե ես էլ եմ գալու, բայց երևի չի կարողանալու։ Արտիկից ես շատ եմ վախում, նրա տեղը շատ վատ է։ Թեև Համլիկն էլ պակաս չպետք է զգուշանա։ Մուշեղը վերջնականապես, ուրեմն, Ալեքսանդրապոլ տեղավորվեց։ Գրեցեք իրեն, որ մեզ գրի, թե ինչ բան<ի> է և ինչպես է։ Մենք հասցեն չգիտենք։

Գյուղը կգրես և կասես, որ վերջապես կարգադրեն երեխանցը տեղավորելու և պահելու համար։ Արդեն չափիցը դուրս շատ զզվեցրին։

Ես հակառակ էի, որ Աշխենն ու Գիգան գային, բայց չեղավ, Գիգան ասում է գործ ունեմ։ Ասեցի գոնե Աշխենն ու Բոբիկը մնային, էդ էլ չարին։

Ես Կիսլովոդսկ էի, նոր եմ եկել։ Ժողով եմ հրավիրել և՛ Հայկազյան ընկերության համար, և′ Կովկասի ներկա դրության համար։ Ժողովն ուրբաթ օրն է նշանակած․ նորից պիտի գնամ։

Երեխեքը շատ լավ են։ Անդրանիկն էլ մեզ մոտ է, քեֆը լավ է։

Կարտոֆիլի մասին էիր գրել։ Ֆիլիպին էլ գրել եմ, թող կարգադրի՝ ինչպես ուզում է։ Մի մասը նրանք բանացնեն, մի մասն էլ դու բեր։ Ամենից լավն էդ է։

Մտածում եմ՝ էնպես անենք, որ ձմեռվա հագուստ ունենանք։ Տեսնենք կհաջողի, թե չէ։

Դուք էդտեղ պետք է աշխատեք ձմեռվա պաշար ձեռք բերեք. վառելիք, ալյուր, ձավար, յուղ, պանիր, լոբի և էդ տեսակ բաներ։ Թե չէ հետո դժար կլինի գտնելը և շատ ավելի թանկ կնստի։

էստեղ հիմի փետի փութը երկու ռուբլի է։ Ես մինչև այժմ հազիվ մի քիչ հանգստացա, գրեթե, նոր եմ սկսել կազդուրվել։ Մի մանրամասն նամակ գրեցեք