Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/280

Այս էջը հաստատված է

էդտեղից շարունակ լուրեր են գալիս, թե բան չի ճարվում, իսկ էստեղ ամեն բան էնքան է լիքը, որ երևակայել չես կարող։ Մենք էլ բավական մթերքներ ունենք, գալիս, երևի ստիպված պետք է լինենք բաժանելու սրան֊նրան։ էդքանը չենք կարող ուտել էս կարճ միջոցում։ Ամսի 1֊ից նոր տուն ենք տեղափոխվել – Провал, Теберда — վերին հարկը։ Կենողները գնացել են, եկանք մենք նստեցինք։ Աշխենը գիտի։ Չորս սենյակ ենք բռնել։ Ամեն հարմարությունով, շքեղ կահավորված, մաքուր, սքանչելի տեսարաններով, չորս առանձին—առանձին պատշգամբով սարքած, առանձին խոհանոց ամեն բանով, և այլն, և այլն։ Աղջկերանցը շատ է դյուր եկել։

Բայց շատ ենք ուզում գալ։ Ամենից շատ Սեդիկը։ Հիմի ես էլ եմ նրանց միացել։ Գիշերս վատ երազ եմ տեսել, շատ եմ անհանգիստ։ Չեմ իմանում, ինչքան խելոք ու իմաստուն են վարվելու և ապրելու մերոնք — ամենքը, որ էլ դժբախտություն չտեսնենք, մինչև էս անտեր պատերազմի վերջը։ Ինչ որ տեսանք՝ հերիք էր։

Աշխենիցն էլ նամակ չստացանք։ էսօր միայն ստացել ենք Վլադիկավկազից գրածը։

էն երեք մեծը գնացել են քաղաք — պարկը, ես ու Սեդիկը, Թամարն ենք մնացել։ ճաշելուց հետո նոր թեյ ենք խմել, միրգ ենք կերել և զանազան բաներ։ Մի քիչ ցուրտ է, ներս ենք մտել, էլեկտրականությունը վառել․ նրանք հեքիաթներ են կարդում, ես էլ նամակս եմ գրում։

Չեմ իմանում կարողանալու եք ձմեռվա մթերք հավաքեք, թե չէ։ Փետ, ալյուր, պանիր, յուղ և այլն։ Ես որ էդտեղ լինեի, հիմի ամեն բան առած կլինեի։

Երեկ մի 20 արշին լավ, շատ լավ բայկա (բամբազյա) առա, սպիտակ, երեխանցն ասում եմ բան կարեցեք, չեն իմանում ինչ կարեն։ Քեզ համար էլ մի շալի դերյա եմ վերցրել, էն էլ մոխրագույն է. երեխեքն ասում են դրանից շատ ես հագել, բայց շատ լավ կտոր է։ Ամեն մեկի համար մի վերևի հաստ բան առա — ֆուֆայկի նման, ցուրտ ժամանակը