Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/284

Այս էջը հաստատված է

շահագործել և միշտ խաբել, էլ չեմ ասում հետն էլ մարդու խայտառակել։

Վերջապես, չէ որ էնքան եմ զզվել մեր տեղից ու մեր տանից, որ էսքան հեռու եմ փախել, որ նույնիսկ ձենը չլսեմ։ Չէ որ տարիներ շարունակ միշտ արյունս պղտորել են ու վրդովել և գցել էն տեսակ դրությունների և խայտառակությունների մեջ, որ մարդ չի էլ իմանում՝ տակիցն ինչպես դուրս գա։ Հերիք էր վերջապես, ամեն մարդ թող իր ցավովը տապակվի։

Բայց, մանավանդ, էսքան տարի շարունակ և ամեն օր դողում եմ, թե երեխաներս կվարակվեն։ Չէ որ թոքախտի բացիլներն էլ հրացանի գնդակի նման բաներ են, և երևա֊ կայիր էն մարդու դրությունը, որին թվում է, թե իր տանը շարունակ հրացանի գնդակներ են սուլում և որտեղ որ է իր երեխաներից մեկին ու մյուսին պետք է դիպչեն անխուսափելի։ Չէ՞ որ երեք տարի առաջ իրեն՝ Ռոստոմին ասի, որ էլ չեմ կարող պահել և էս և էն պատճառով։ Էս երկու տարին էլ բավական էր։ Միջոցի բանը համարենք երկրորդական, և ես ուրիշի համար էլ չեմ խնայել, ուր մնաց դրանց, եթե ինձ էդքան խաբած ու խաբելիս չլինեին։ Բայց ես հո չեմ կարող ամեն օր դողալ և կամ բժշկից էն տեսակ հանդիմանություններ լսեմ, որ չիմանամ, թե ինչ պատասխանեմ կամ իմ մեջս մտածեմ ու շարունակեմ նույնը։ Առանց ինձ ձեզ ու ձեզ լավամարդի մի դառնաք, քանի որ դուք ինձանից լավ մարդ էլ չեք իսկի։ Միջոց ունե՞ք – տվեք, ուրիշ տեղ պահեցեք։ Նրանք հո Անուշից թանկ չեն կարող լինել ինձ համար։ Թող լինեն Էնքան։

Հույս ունեմ, որ Շուլավերից ալյուր, ածուխ, լոբի, ձավար և Էդ տեսակ բաներ բերել ես տվել։ Էս մի երկու օրը մի քիչ ալյուր Էլ կբերեն։ Փետ Էլ առ անպատճառ։

Համբույրներով՝
քո Հովհաննես