Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/285

Այս էջը հաստատված է
272. Հակոբ Սառիկյանին
Պյատիգորսկ — Վլադիկավկազ
9 հոկտեմբերի, 1917, Պյատիգորսկ
Սիրելի տեր Հակոբ,

Նամակդ ստացա1։ Շատ շնորհակալ եմ, տեր Հակոբ ջան։ Խնդրում եմ իմ կողմից բարևիր և շնորհակալությունս հայտնիր պ. Լիսիցյանին2։ Ուղարկում եմ ևս 150 ռ․, էն ավելորդ 17 ռուբլին էլ տուր տանողներին փեշքեշ կամ на чай, անունն ինչ կուզես դիր, տերտեր մարդ ես։

Քրեհն էլ՝ ինչքան կըլի, կգրեն, էնտեղ կտան։ Միայն, որ տանեն, թող առաջ իմաց տան, գուցե տղես գա տանի։ Կարող է պատահել՝ ես էլ արդեն տուն հասած լինեմ։ Պետք է գնայի Ն. Նախիջևան Հայկազյանի, գրողների ընկերության և Միք. Նալբանդյանի գործերով3, բայց Թիֆլիսից էնպես տեղեկություններ ստացա, որ պետք է էնտեղ շտապեմ։ Մանավանդ բանկի հետ էլ լուրջ պատմություններ ունեմ, ուրիշն էլ խառն է։

Կիսլովոդսկ լավ գործ կատարեցինք։ Քո գնալու մյուս օրը գրեթե կես միլիոն բան հաջողեց ազգի համար։

էսօր գնում եմ նորից էնտեղ, մի գործ էլ կա, վերջացնենք, պրծնենք։

Շատ բարով արա Գեորգին ու Ներսեսին իրենց ընտանիքներով և քո տիրապահ տիրուհուն իրեն զավակներով։

Եվ կրկին շնորհակալ եմ, ախպեր, փառոց կենաս։

Քո Հովհ. Թումանյան
273. Գրիգորի Դիասամիձեին
<1917, հոկտեմբերի 20—24, Թիֆլիս>
Թանկագին Գրիգորի Նիկոլաևիչ,

Միայն գիտությունը, գրականությունն ու արվեստն են ընդունակ լցնելու այն վիհը, որ բաժանում է ժողովուրդներին