Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/292

Այս էջը հաստատված է

Ես էսօր իրար ետևից մի քանի շատ կարևոր նիստեր ունեմ1, առավոտը կգամ։ Ներփակ ուղարկում եմ հինգ հարյուր ռուբլի։

Համբույրներով՝ քո Հ. Թումանյան

280. ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑԻՆ

<1918>, 23 մարտի, Թիֆլիս

Սիրելի Ստեփան,

Նոր վճռվեց։ Կիրակի օրն ենք գնում։ Գնում եմ նահանգական կոմիսարի հետ։ Ես կարծում եմ տուժած հայերը կարող են և պետք է գան ու հայտնեն իրենց կորուստն ու պահանջը։

Հ. Թումանյան

Պ. Ստեփան Մալխասյանցին

281. ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻՆԻՍՏՐԻՆ

Ղարաքիլիսա—Թիֆլիս

1918, մայիսի 15, Թիֆլիս

Սադախլու—Սանդար գծամասում գնացքների վրա հարձակումները դարձել են հաճախակի, որը տեղերում առաջ է բերում հուզումներ։ Թախանձագին խնդրում ենք շուտափույթ միջոցների դիմել հարձակումներին և կրքերին վերջ դնելու համար։ Մանավանդ, որ մեր մասսաները, ինչպես տեսնում եք իմ նախորդ հեռագրից2, միանգամայն խաղաղասիրաբար են տրամադրված։ Անհրաժեշտ է նման տրամադրությունները պաշտպանել և հասարակության տականքներին թույլ չտալ գլուխ բարձրացնել։

Հովհաննես Թումանյան