Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/301

Այս էջը հաստատված է

խնդրում եմ մի հիսուն հազար ռուբլի գումար հատկացնել Հայ գրողների ընկերությանը հիշյալ նպատակների համար։

1Անշուշտ քաջ հայտնի է կոմիտեիդ՝ ինչ գեղեցիկ դեր են կատարում, վերջերը մեր կյանքում հայոց հայրենակցական միությունները, օգնության հասնելով մեր գավառներին, թե կուլտուրական կյանքին, թե ինքնապաշտպանության գործում և թե, մանավանդ, համերաշխության և բարի դրացիական հարաբերություններ ստեղծելով մեր հարևան ժողովուրդների հետ։

Սակայն միություններին էսքան լայն գործունեության համար միջոցներ են պակասում, և միությունները չեն դիմում հանգանակության ի նկատի ունենալով, որ արդեն հանգանակություն շատ է կատարվում մեր ժողովրդի մեջ։ Եվ որովհետև հայոց վերաշինության կոմիտեի նպատակն է հատկապես մեր ժողովրդին օգնության հասնել, էդ պատճառով էլ հայրենակցական միությունների միության կենտրոնական խորհուրդը, դիմելով հարգելի կոմիտեիդ, խնդրում է հատկացնել իրեն մի քսան հազար ռուբլի՝ հաջողեցնելու իր կարևոր ձեռնարկությունները էս տագնապալի օրերում հայ ժողովրդին օգնելու համար։

<1918, օգոստոսի առաջին կես, Թիֆլիս>

292. ԱՐՇԱԿ ՋԱՄԱԼՅԱՆԻՆ

<1918>, 24 հոկտեմբեր, <Թիֆլիս>
Հարգելի Արկադի Նազարովիչ,

Ես վերջին անգամ տեսնվելուց հետո մինչև էսօր հիվանդ անկողնում պառկած եմ։ Իսպանկա է, մի քիչ բարդություններով։

էսօր Շիրվանզադեն եկավ հայտնեց, որ մեր գրողների ընկերության համար 10.000 ռ. եք որոշել։