Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/310

Այս էջը հաստատված է

301. ՀԱԿՈԲ ՍԱՌԻԿՅԱՆԻՆ

Թիֆլիս– Վլադիկավկազ

<1919, փետրվարի երրորդ տասնօրյակ, Թիֆլիս>

,

Իմ սիրելի տեր Հակոբ,

Մեծ ցավով կարդացի նամակդ։ Տեր Հակոբ ջան, գուցե թե ուրիշ օրերում էնքան խոր չհասկանայի քո վիշտը, ինչքան էս օրերում, երբ աչքերս դեռ չեն ցամաքել որդուս կսկծից։ Եվ եթե գիտես կամ թե չգիտես, գուցե զգում ես, թե ինչքան ջերմ զգացմունքով եմ դեպի քեզ, թերևս դրանով էլ չափես, թե ինչքան կցավեի քեզ համար ու քո որդու համար։

Սասունիկը էս րոպեիս մեզ մոտ է։ Ես նրանից շատ եմ դժգոհ, որ էնքան հաճախ չի լինում մեզ մոտ, ինչքան ես կուզենայի, բայց հիացած եմ նրա վրա, թե ինչքան ինտելիգենտ ու ազնիվ մարդ է և ինչպես բարձր հոգիներին վայել հանգստությամբ տարավ իրեն վիշտը։

Երկար պետք է գրեի, բայց ժամանակ չեղավ, եկան խանգարեցին։ Բանն էն է, որ էս երկու օրը իմ ընկերներն ու բարեկամները մի աղմուկ սարքեցին, թե ինչ է՝ լրանում է քո հիսուն տարին։ Ակամայից ընկա հոբելյանի մեջ, որից էնքան շատ էի վախենում։ Եվ ահա, երկու շաբաթվա մի ցուցակ են դրել գրպանումս, թե ամեն օր որտեղ եմ լինելու։ Այժմ ես էլ մի տեսակ թամաշավոր եմ դարձել և զարմանում եմ երկու բանի վրա, մեկ՝ թե ինչքան կենսունակ է մեր ժողովուրդը և բնավ հուսահատվել չգիտի իր շատ խորհրդավոր ճանապարհին, մեկ էլ թե ինչքան զորեղ է ժողովուրդների մեջ համերաշխության ու եղբայրության զգացմունքը։ Հենց նոր մոտս էր մի պատգամավորություն — հայերից, ռուսներից, վրացիներից, թուրքերից ու հրեաներից և հատկապես նրա համար, որ ես եղբայրություն ու համերաշխություն եմ սիրել։

Ջերմ բարևներ մերոնցից, համբույրներով՝

քո Հովհ. Թումանյան