Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/330

Այս էջը հաստատված է

Նույն պ. Պապաջանյանին հունվար ամսից ի վեր հանձնաժողովը նույն նպատակով հանձնել է հետևյալ նյութերը։

1) Հանձնաժողովի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամ պ. Լեոյի կազմած և հանձնաժողովի ծախքերով հրատարակված <<Սահմանավեճ>> գիրքը (63 օրինակ)։

2) Վեց հատոր՝ ռուս քննիչների (նախկին շրջանային դատարանի դատախազի օգնականների) ձեռքով վավերագրված պատճեններ նույն քննիչների ձեռքով հավաքված վկայությունների (ցուցմունքների) և վկայաթղթերի՝ այն բռնությունների մասին, որոնց ենթարկվել են ռուսահայերը և տաճկահայերը տաճիկ ասկերների և քուրդ ու թուրք հրոսախմբերի ու խուժանի կողմից։

3) Մի մասը (314 էջ) այն զեկուցումից, որ պատրաստել է հանձնաժողովը զինվորական մասի վարիչ գեներալ Կուլեբյակինը հայերի մասնակցության մասին Համաշխարհային պատերազմում6։

Ի լրումն այդ նյութերի՝ նորերս հանձնաժողովը հանձնեց արտաքին գործերի մինիստր պ. Տիգրանյանին նախարարապետ պ. Քաջազնունու հետ Փարիզ ուղարկելու համար քննական նյութերի չորրորդ հատորի հավելվածը և իր լիազոր Միհրդատ Խանզատյանի զեկուցումը Ղարաքիլիսայի և Լոռվա շրջանների կրած վնասների մասին, որի մի օրինակը սրա հետ միասին պատիվ ունիմ ուղարկել Զեզ։

Հայաստանի պառլամենտը վճռել է նաև, որ հանձնաժողովի բոլոր նյութերը դառնան Հայաստանի կառավարության սեփականություն։

Հանձնաժողովն ինքը այդ բանը ի նկատի է ունեցել սկզբից ի վեր, սակայն այդ հնարավոր կլինի միմիայն այն դեպքում, եթե Հայաստանի կառավարությունը հնարավորություն տա հանձնաժողովին պատվով վերջացնել իր գործը։ Հակառակ դեպքում՝ հանձնաժողովը պարտավոր է իր հավաքած նյութերը դնել իր աշխատավորների տրամադրության տակ ի հաշիվ նրանց չվարձատրված աշխատանքի և կամ վաճառել ու ստացած գումարով վճարել նրանց ռոճիկները։