Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/333

Այս էջը հաստատված է
319. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆԻՆ
Թիֆլիս-Երևան
1919, հունիսի 15, Թիֆլիս
Սիրելի Ալեքսանդր Իվանովիչ,

Վ. Փափազյանի ձեռքով ուղարկում եմ մեր բյուրոյի զեկուցումը1, գրողների ու գեղարվեստագետների առաջարկը և գրողների ընկերության խնդիրը։

Ինչ վերաբերում է Քննիչ բյուրոյի գործին — դո՛ւք գիտեք, ինչ ուզում եք արեք։ Կուզեք որոշեցեք շարունակելու, կուզեք դադարեցրեք. դրա պատասխանատուն, համենայն դեպս, ինքը՝ բյուրոն չի։ Բայց ինչ էլ որ անեք, լիկվիդացիայի գումարը պիտի տաք։ Միայն մի բան պետք է ասեմ, որ էս խնդրում մասամբ մեր կառավարությունը (ոչ քո օրով), իսկ ամբողջովին մեր Պառլամենտը — ուղղակի հանցավոր են մեր ժողովրդի առաջ։ Այժմ դու ուզում ես ուղղել։ Չգիտեմ կարողանալու ես, թե չէ։ Բայց շատ ու շատ է անհրաժեշտ, որ էս գործը կատարվի։ էս րոպեին էլ ահագին նոր խնդիրներ կան սենյակումս կուտակված ու շարունակ դիմում են զանազան կողմերից, թե կորուստների ու վնասների բյուրոն ե՞րբ է բացվելու։

Ես մտադիր եմ հրաժարվելու, բայց գործը կարգի կդնենք՝ հետո կհրաժարվեմ. իհարկե, եթե միայն քեզ հաջողի բյուրոն վերաբացելը։

Գալով գրողների ու գեղարվեստագետների առաջարկին՝ արտադպրոցական կրթական գործի համար մի փոխմինիստրություն հիմնելու, էստեղ մի կարծիք հայտնեցին, որ եթե կառավարությունը միջոցներ չունենա կամ զլանա — Հայկազյան ընկերությունը դարձնել մի էդ տեսակ հիմնարկություն կառավարության սանկցիայով։ Սակայն հույս ունենք, որ կառավարությունը, ինչ ձևով ուզում է լինի, ընդառաջ կգա էս գործին։

Ինչ վերաբերում է գրողների ընկերության կողմից ուղարկած խնդրին — մի գումար հատկացնելու ընկերությանը՝