Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/337

Այս էջը հաստատված է
323. ԹԻՖԼԻՍԻ ՈՐԲ — ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ
1919 թ., հունիսի 20, Թիֆլիս

Ստացել եմ վարչությանդ հրավերը՝ ներկա լինելու միության էսօրվա ցերեկույթին, ուր դուրս են գալու մեր որբերը, որոնք բոլորը Հայոց գրողների ընկերության հոգեզավակներն են։ Շատ եմ ցավում, որ պաշտոնական արտագնա նիստ ունենալու պատճառով չեմ կարողանում ներկա լինել ցերեկույթին։

Հրճվում եմ ձեր պայծառ ոգևորությամբ և վսեմ խլրտումով։

Հայ գրողների խորհրդի և գրողների ընկերության վարչության կողմից իմ տրամադրության տակ եղած գումարից երկու հազար ռուբլի հատկացնում եմ ձեր հրատարակությունների գործին, որ և կբերեմ անձամբ։

Միշտ ձեր Հովհ. Թումանյան
324. ԳՐԻԳՈՐ ՂԱՓԱՆՑՅԱՆԻՆ
Թիֆլիս – Երևան
Հուլիսի 24, 1919, Թիֆլիս
Հարգելի պ. Ղափանցյան,

էսօր ստացա թե հանրային կրթության և արվեստի մինիստրի մակագրությունը Ձեր խնդրի վրա և թե Ձեր խնդիրը՝ ուղղած ինձ գրողների ընկերությունից նպաստ ստանալու համար1։

Շատ եմ ցավում, որ Ձեր դիպոլմը ուշացել է. արդեն որոշած մի հարյուր հազար ռուբլին մասնագրած է2։ Եթե նոր գումար կստանանք, ես նկատի կունենամ Ձեր խնդիրը։

Սակայն ես ուզում եմ Ձեզ հետ խոսել ավելի հիմնավոր բանի մասին։

Մի երկու տարի առաջ Թիֆլիսում դրվեց Հայկազյան ընկերության հիմքը, որի նպատակները շատ էին ընդարձակ։