Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/338

Այս էջը հաստատված է

Նա մեզանում պիտի գրականությունը, գիտությունն ու արվեստները հովանավորեր, պաշտպաներ ու զարգացներ։ Ի միջի այլոց և մեր բարբառները պիտի հավաքեր։ Սա գլխավոր նպատակներից մեկն էր։ Եվ է′։ Տաճկական արշավանքն ու Ձեզ լավ ծանոթ տակն ու վրան արգելք եղավ ընկերությունը բաց անելու և գործի անցնելու։ Այժմ էլ արդեն պետություն ունենք, հետևաբար ընկերությունը պիտի հրաժարվի շատ կետերից իրեն կանոնադրության ու կենտրոնանա որոշ գործի վրա։ Մենք արդեն Աճառյանին մշտական թոշակ էինք կապել ու հրավիրում էինք մեր լեզուն հավաքելու գործին3 — բայց ճանապարհները փակվեցին։ Մենք նույնիսկ լեզվի համար հատուկ գումար ունենք։ Եթե Դուք կնվիրվեք լեզվի հավաքման գործին — միանգամ ընդմիշտ կկապվեք էդ գործի հետ, և հուսով եմ — անկարոտ։ Եթե համաձայն եք — խնդրեմ գրեցեք Ձեր համաձայնությունն ու առաջարկը, որ ես առաջարկեմ ընկերության վարիչներին։

Հարգանքով՝ Հովհ. Թումանյան

Մեծապատիվ պ. Գրիգոր Ղափանցյանին

Վեքիլյան փողոցի № 9, Երեան

325. ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

16 օգոստոսի, 1919, Թիֆլիս

Մի երկու շաբաթով ես բացակայելու եմ Թիֆլիսից1։ Խնդրում եմ իմ բացակայությանը հանձն առնես կատարելու քննիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը2։

Քո Հովհ. Թումանյան