Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/343

Այս էջը հաստատված է
330. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս — Երևան
<1919>, հոկտեմբերի 20, <Թիֆլիս>
Նվարդ ջան,

Ստացա նամակդ։ Շատ զարմացանք ու շատ ծիծաղեցինք, երբ կարդացինք, որ Համլիկը նեղացել է իմ գրած հանաքից1։

Ինչպես երևում է դուք Կարսի հետ հարաբերություն չունեք։ Բան չեք գրում նրանցից, չգիտեք երբ են գալու։ Երևի մինչև ամսի վերջը կգան, թեև ես գրել եմ, որ շուտ գան։

էս քանի ժամանակ է թեթև հիվանդ եմ, տանիցը դուրս չեմ գալիս։

Երևի փողդ արդեն վերջացել է կամ վերջանալու վրա է։ Մի 500 ռ. եմ ղրկում։ Դու էլ շուտ արի։ Եթե Աշխենն ու Անուշը եկած եղան Թիֆլիս՝ էլ դու ինչու ես գնում Կարս։ Երեկ ցերեկով մեր կենողի—Շլյոմկիսի տունը կտրեցին, մի 10—15 հազարի բան տարան։ Բայց ինչպես երևում է, մեր աղմուկից հենց սկզբից ևեթ թողել են, փախել, թե չէ շատ բան կտանեին։

Մեր տանն էլ ճաշից առաջ ոչ ոք չի լինում։

Աշխենը գրում է, որ Մուշեղը լուրջ հիվանդ է։ Իսկ ես կարծում եմ առհասարակ Մուշեղի դրությունը լուրջ է և շատ աննախանձելի։ Ուրիշ կերպ չի էլ կարող լինել, երբ մարդ ունեցած-չունեցած խելքից էլ հրաժարվի ու էնպես բան բռնի ու գնա։

էն, որ ասել են խելքը երկրորդական բան է, բանաստեղծների համար են ասել, որ խելքից բարձր ուրիշ բան էլ ունեն, ոչ թե նրանց համար, որոնց նույնիսկ փոքրիշատե խելք ունենալը մեծ երջանկություն պետք է լինի և պետք է միշտ խելքը բանեցնեն։

Շարունակությունը Թիֆլիս։ Համբուրում եմ՝

հայրիկդ