Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/355

Այս էջը հաստատված է

345. ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

<1920, մայիսի 27, Թիֆլիս>

Սրտագին շնորհավորում եմ ազատ Վրաստանի Հանրապետության երկրորդ տարեդարձը։ Հիանում եմ և անսահման ուրախանում էն քաղաքացիական հասունության և պետական հմտության վրա, որ հանդես բերավ վրացական ազգը, միանգամայն ապացուցանելով ամբողջ աշխարհքին, թե ինքը ինչքան է արժանի ազատ ու անկախ պետական կյանքի։ [Ամենավատ թշնամին էլ պետք է պատկառի նրա բարոյական մեծ կարողության առաջ]։

Սրտագին մաղթում եմ, որ նա մնար էն միակ ամեն աղետից ազատ անկյունը և ապահով ողջուներ իր երրորդ տարեդարձը, ամրացած ու ազատ ամեն վտանգից։

Կեցցե՜ ազատ ու անկախ գեղեցիկ Վրաստանը, կեցցե՜ եղբայրական վրացի ժողովուրդը, կեցցե՜ն իր միշտ արթուն ու անձնվեր ղեկավարները։

Հովհաննես Թումանյան

346. ԴԱՎԻԹ ԱՆԱՆՈՒՆԻՆ

Թիֆլիս– Երևան

1920, մայիսի 29, Թիֆլիս

Սիրելի Դավիթ,

Ախպեր, ես քեզ մոտ սևերես դուրս եկա։

Խոստացա թե «Հայկոոպի» համար «Մերոնք» կգրեմ կուղարկեմ ու չարի։

Միշտ էսպես է լինում, երբ որ մարդ ուրիշի տեղակ խոսք է տալիս։ Ես էլ իմ մուսայի տեղակ խոսք տվի — ու նա չեկավ, ես էլ մնացի սևերես։

Վերջին ժամանակներս գործերս էլ, տրամադրությունս էլ1 շատ էին խառը, միաժամանակ հիվանդությունս էլ վրա հասավ, ու ես գրելու փոխարեն՝ ինքս դարձա գրելու նյութ։