Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/358

Այս էջը հաստատված է

տալու, բայց գուցե էն էլ մեզ պահենք։ էս անգամ Կոջորը ինձ շատ դուր եկավ, թեև ջուր չունի։ Երկու օրից գնում ենք։ Մինչև հիմա Թիֆլիս էլ էր հով, էնպես որ հաճախ իրիկունները պատշգամբում նստել չէինք կարողանում։

Խանբուլաղ գնալիս զգույշ կացեք, չգնաք մրսեք, երեխին էլ մրսեցնեք։ Գիգան է, ով գիտի, վեր կկենա ու թե՝ եկեք․․․

Ինչ ասել կուզի, որ Թիֆլիսում լիություն է և հանգիստ։ Ասում եմ ամեն մթերք էլ առնեմ, ինչ որ կարելի է տանել, և գրեթե առել եմ — յուղ, բրինձ, պանիր, լոբի, պրովանս, ալյուր և այլն, և այլն․ միայն դեռ մի ծառա կամ աղախին չենք գտել։ Դե լավ կացեք, շուտ-շուտ նամակ գրեցեք։ Եթե, բան է — գալու եղաք — հեռագրեցեք։

Հա՛, լավ միտս ընկավ, Անուշին ասել էիր, թե բաներս ծախի, հայրիկի փողի մի մասը տուր, էդպես նամաղուլ[1] էլ չանես։ Ո՞նց թե հայրիկի փողը տուր — որ փող ունենամ էլ կուղարկեմ — դու ասում ես՝ էդ էլ ետ տո՞ւր։

Համբուրում եմ ամենքիդ՝

հայրիկ
349. ՀԱՄԱԶԱՍՊ ՀԱՄԲԱՐՁՈԻՄՅԱՆԻՆ
<1920, հուլիսի 12, 13, Թիֆլիս>
Հարգելի Համազասպ,

Մեր միության համար փող կստանամ մի երկու, երեք օրից։

Առայժմ մի կերպ յոլա տարեք։

Կարող է պատահել, որ մի երկու օրով գնամ Կոջոր։

Աղջիկներս էնտեղ մենակ են մնացել։ Եթե բան պատահի, փոխնախագահին դիմեք1։

Ձեր Հ. Թումանյան
  1. նամաղուլ — անխոհեմ արարք