Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/377

Այս էջը հաստատված է

Սրանով խնդրում եմ Ռևկոմին՝ Խորհրդային Ռուսաստանի օրինակով, որ էնքան ուշադիր է դեպի գրականությունը, պաշտպանություն ցույց տալ հայ գրողներին էս դժար ժամանակներում։

Նախ<ագահ Հայ գրողների ընկերության՝

Հովհ. Թումանյան>

1920, 24 դեկտեմբերի, Թիֆլիս

366. ԱՇԽԵՆ, ՄՈՒՇԵՂ ԵՎ ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ

Թիֆլիս — Երևան

1920, դեկտեմբերի 18, 25, Թիֆլիս

Աշխեն ջան, Մուշեղ ջան, Համլիկ ջան1,

Հիմի էդտեղ երևի ինձ շատ եք հիշում, այսինքն իմ հոդվածները, որ գրում էի և ասում, որ մեր փրկությունը Ռուսաստանից է եղել և Ռուսաստանից էլ պիտի լինի։

Մենք, այսինքն մեր2 կառավարությունը, ցույց տվեց իր կատարյալ ապիկարությունն ու սնանկությունը ամեն կողմից։ Ճշմարիտ է, ամբողջ երկու տարի ես հայհոյում էի ամեն մեկին իր երեսին, բայց բանից դուրս է գալիս նրա տասներորդական մասն էլ չեմ եղել իմացած, ինչ որ կատարվելիս է եղել և ինչ որ այժմ պատմում են իրենք — փախած պաշտոնյաները։

Վերջապես դարձյալ Ռուսաստանի ձեռքով, էն էլ նոր, ազատ Ռուսաստանի։ Իհարկե, դեռ անցողական դրություն է, հեղափոխական շրջան — կարող են կոշտություններ պատահել, բայց էս ժամանակամիջոցը կանցնի, կարգի կգա և ամեն բան շատ լավ կլինի։

Մուշիկն3 էլ երևի ձեզ մոտ է։ Զարմանալի բան է — ամենքին էլ խնդրել էի, որ էդ երեխի ջութակը տան իրեն բանտում, ամենքն էլ խոստացել են, և բանից դուրս է գալիս տված չեն եղել։ Համբուրեցեք իմ կողմից և ասեք՝ հիմի հեշտությամբ