Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/380

Այս էջը հաստատված է

Վրեն ավելացնում եմ։ Էս ութ օրվա ընթացքում շատ բան իմացանք։ 11Եկավ Ալեքսանդր Իվանովիչը իր ընկերների հետ, պատմեց էդտեղի մասին, ձեր ամենքիդ միասին։ Շատ ուրախացանք, որ ամեն բան լավ է գնում, ու դուք էլ ամենքդ գործի եք, մանավանդ շատ ուրախացա, որ վերջապես Մուշիկն իր գործին է — երաժշտությունով է զբաղվելու։ Ես էլ նրա պես եմ անելու։ Էստեղ էլ ամեն բան լավ է։ 12Ռևկոմի ներկայացուցիչ է Դանուշը, իսկ Դանուշը, գիտեք, թե ինչ հրաշալի մարդ է։ Կարծում եմ ամեն բան լավ կլինի, միմիայն մի պայմանով, որ տաճիկներն ու Անտանտն էլ խելքի գան, վատությանը վերջապես մի վերջ պետք է լինի։ Իսկ եթե սրանք խելքի չեկան — շատ վատ գարունք կունենանք։

13Ալ. Իվանովիչն ասավ, որ ձեզ մոտ փող է թողել, էստեղ կվճարենք իրեն։ Դրա համար էլ ձեզ ուղարկում եմ մի հարյուր հազար չեկերով տոների համար։ Իսկ եթե պարտք—բան ունեք, գրեցեք կամ Գևորգի հետ14, որ էսօր է գալիս, կամ Դանուշի հետ, որ մի երկու օրից կգա, <կուղարկեմ>:

Մեր մասին էլ ինչ գրեմ — բոլորը լավ են, ասել Անուշը՝ իրենց համար «հռհռոցը գցած» ապրում են անպակաս։

Բերելը դժար է, նրա համար էլ շատ բան չենք ղրկում, մի երկու բան են ղրկում — կգրեն։

Դե, ամենքիդ համբույրներ՝

հայրիկ

<Հ․ Գ․> «Վերնատնից» գրեցեք15, ասեք, որ համբուրում եմ ամենքին: Կգրեմ։