Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/389

Այս էջը հաստատված է

տխուր երազ տեսա, չեմ իմանում Նվարդի, թե Անուշի վրա — խառնեցի։ Շատ անհանգիստ եղա և դեռ անհանգիստ եմ։

Չեմ ուզում կառքով կամ ավտոմոբիլով գամ, մի քիչ թույլ եմ, վախենում եմ ճամփին էլ մրսեմ կամ շատ ջարդվեմ1:

Փախածները արդեն հասել են Զանգեզուր2։ Ահագին բազմություն են։ Գրիշայի երկու ախպերն էլ փախել են։ Հարսը գալու է մոտս, որ փողը տամ. մինչև հիմա չեն եկել։ Ուզում է գնա Պարսկաստան3։

էսօր ժողով կար, թե ի՛նչ անենք Զանգեզուր փախածներին ետ բերելու։ Արդեն էստեղ դուրս է եկել ներման դեկրետը4։ Նոր Կասյանի և Մռավյանի մոտ էի. հենց էնտեղից եմ եկել։ Երկար խոսում էինք դրության մասին։ Շատ մեղմ ու ինտելիգենտ մարդիկ են։ Նրանց կողմնակիցներն են այժմ ուժեղանում, մանավանդ Լենինի դիրեկտիվներից հետո։ Շատ էին նեղացել Համլետի գնալու համար5։ Այժմ շատ խաղաղ է էստեղ։ Մթերքների պակասություն կա։ Թանկություն է հացը՝ ֆունտը 12-15 հազար։ Շաքար չկա, բայց թե ճարվում է՝ 80 հազար։ Մեղրը՝ 60 հազար ֆունտը և այլն, և այլն։

Աշխենի մասին չգիտեմ ինչ գրեմ։ Ինձ միայն մի բան է զարմացնում, թե Անուշը ինչպես մի անգամ մի մարգարեություն արավ։ Իհարկե, այժմ ինքն էլ կլինի մոռացած6։ Մի խոսքով, լավ է։ Կարծում եմ հետս կգա։ Հովիկն, իհարկե, լավ է ու լավ։

Ամենից վատը ես եմ։ էս տեսակ էլ բա՞ն կլինի։ Առանց երեխաների ապրել չեմ կարողանում ուղղակի։ Եվ էստեղ էլ են նկատել, երկու բան են այժմ ինձ պահում, կամ երկու բանով եմ ապրում — դուք և տիեզերքը։

Մի խոսքով։ Հաշվում էինք նոր, որ զատկին անպատճառ էդտեղ կլինեմ, սպասում եմ, թե հիմի ձեզանից նամակ կստանամ։

Գիշերն, իհարկե, շուտ-շուտ գալիս է և նստում ենք ու խոսում։ Երանի ձեզ — ի՜նչ լավ շրջան էր մեր շրջանը — փոքրիկ ու լավը։