Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/391

Այս էջը հաստատված է

Երևանի ձերբակալությունների1։ Ես չեմ հասկանում, թե դրան երբ է վերջ լինելու կամ ավելի ճիշտը՝ երբ է վերջ լինելու հայ ինտելիգենցիային և մասնավորապես դաշնակցությանը։ էսքան անխելքություն, էսքան ապիկարություն, էսքան անխղճություն և էսքան խաչագողություն…

Խեղճ ժողովուրդ, դու ո՜վ, դրանք ո՛վ, որ քու զավակների, և էն էլ լավագույն զավակների անունով եկել են ու քեզ փչացնում, ոչնչացնում են՝ անխղճորեն և անամոթ։

Ես հավատում եմ, որ դու հեռատես կլինես և մարդավարի։ Իշխանությունը մարդկանց կուրացնում է, եթե մարդիկ ավելի փոքր են, քան իրենց պաշտոնը, հարբեցնում է, եթե ավելի տկար են, քան իրենց պաշտոնը։ Ես հավատում եմ, որ դու քո պաշտոնից միշտ բարձր կմնաս։

Մենք առայժմ լավ ենք, թեև օրեցօր դրությունը ծանրանում է՝ ապրուստի կողմից, և, հավանական է, ավելի պիտի ծանրանա։

Բայց եկողները (արտասահմանից) ասում են, թե Անտանտի և Ռուսաստանի միջև սպասվում է մի հաշտություն, և մեծ քանակությամբ ապրանք են ներս մուծելու — տեսնենք։

Մուշեղն ու բաբոն մի քանի օրով գնացել են Շուլավեր։ Ես էլ զբաղված եմ Լիտոյի գրողների միության2 և Հայարտան գործերով։ էս երկու օրը սկսում ենք դասախոսությունները — ակադեմիական կոչված և հանրամատչելի։ Ակադեմիական առաջին զրույցը ես եմ անելու հայկական էպոսի մասին3:

Արեգ ջան, Վահանին գրում եմ, որ գյուղից մեր բաժին մթերքից բան ուղարկի վերջապես4։

Բժիշկը քեզ հետ կխոսի5։ Նրա գալու մասին մի տեղեկություն տուր գյուղը՝ Վահանին, որ իմանա և հասցնի բժ. Առուշանյանին6 կամ էնտեղ մեկին հանձնի՝ բժշկին հանձնելու7։

Համբույրներով՝ հայրիկդ