Խե՜ղճ ժողովուրդ։ Ոչ մի ժողովուրդ էս տեսակ ինտելիգենցիա չունի — ուզում եմ ասեմ աշխարհքում։ էսքան խորթ ու օտար, էսքան չնչին ու ապիկար, էսքան անխիղճ ու անամոթ։
Բայց էլ չեմ ուզում դրանցից խոսեմ։
Չհասկացա, թե Պողոսն ի՞նչ էր ասել։ Ի՞նչ քաղաքագետ։ Ես իսկի չեմ էլ մտածել քաղաքագիտություն անեմ։ Եվ չեմ սիրում քաղաքագետներին էլ։ Եթե քաղաքագետն էն է, ինչ որ տեսանք ու տեսնում ենք։ Որ կոնկրետ գրեիր — կիմանայի ինչ ես ասում — ես էլ իմը կասեի։ Ախր շատ բան կա, որ ես հիմնովին ուրիշ կերպ եմ հասկանում4։
Մեր դասախոսություններն սկսվել են։ Առաջին ակադեմիական զեկուցումը ես արի — «Հայկական էպոսի բառարանից»5։ Վերնագիրը շատ է համեստ, բայց բովանդակությունն անհամեստ էր։ Հայկական էպոսի հնագույն հետքերն էի ցույց տվել, հայ, Հայկ և Դավիթ բառերի ծագումն ու իմաստը, պաշտամունքը և հայկական տոտեմը — և կապել էի Ասորեստանի ու գլխավորապես Մոնղոլիայի հետ։
Իսկ անցյալ օրերը Դերենիկը դասախոսում էր իմ մասին, որ երկու օր տևեց վիճաբանությունով։
էս էլ երկար պատմություն է։
Մեր գեղից ու գավառից սկսեցին, գնացին մինչև տիեզերքն ու Անհունը։ Իսկ երեկ իրիկուն Աղայանի հիշատակին ունեինք երեկույթ։
Արեգ ջան, ասում են էդ կողմերն էլ է խոլերա երևացել։
6Երևի էս ամառ էսքան սոված և ուժասպառ ժողովրդի մեջ շատ հիվանդություններ են տարածվելու, դու էլ շարունակ ժողովրդի մեջ, գյուղերում ես ման գալիս։ Քեզ պահիր և լավ պահիր։
Հա՛, չմոռանամ գրեմ, որ էն մեր նկարը, որ կարծում էինք, թե Ռուսդալինն է — էդպես էլ դուրս եկավ, և տակը հայտնվեց անունը։ Մի խոսքով՝ աչքդ լույս։
Լևինսոնն եկավ — գնաց։ Մեզ մոտ էր ճաշին։ Ամիս ու