382. Ը Ն Տ Ա Ն Ի Ք Ի Ն
Երևան — Թիֆլիս
Սիրելիք, իմացած կլինեք, որ տեղ ենք հասել1։
Խմբով ապրում ենք Աֆրիկյանի այգում, որ Համլիկը լավ գիտի, Համլիկին ու Աշխենին էլ սրանք լավ գիտեն։ Տան տերերին դուրս են արել։ Մենք ենք — տունն ու այգին, և ապրում ենք աղավարի էս Սովետական երկրում2։
Ժողովներս կվերջանան էս երկու օրը3, կգանք Դսեղ — երևի մի քանի օր էլ էնտեղ կմնանք4։
Ինձ ուզում են արտասահման ղրկեն, բայց չեն կարողանալ։
Չեմ գնալու5։
Երեկ երեկույթ կար — մեզ պատվավոր տոմսեր էին ղրկել, իմ տոմսակին 5 լիմոն վճարեցի։ Արեգը լավ է և քեֆն էլ լավ։ Նա էլ մեզ հետ կգա։
Նվարդի պաշտոնն ու տեղը շատ էլ գրավիչ չեն երևում։ Տեսնենք ինչ է լինելու։ Սա իրեն թույլ է զգում։
Երևանի լավ ժամանակն է։ Մենք էլ լավ տեղ։ Բայց ես շատ եմ ուզում շուտով գամ։ Չեք գրում, թե ոնց եք ապրում։
6Գիգան ծածկված է: Խոսեցի Պողոսի հետ։ Խոստացավ մի բան անի ու ինձ իմացնի7։ Ինքը բավական նիհարել է։ Նվարդն է տեսել։ Արեգն էլ է խոստացել, տեսնենք։
Գրիչին յուրայիններով բարևեցեք։ Ասեք, որ Սուրենի մասին խոսեցի՝ կգա, գուցե հենց մեզ հետ8։ Ղրկած փողը տվի։ Ավել չուզեց, ասավ՝ էս էլ ավելորդ է։