Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/401

Այս էջը հաստատված է



383. Ավետիք Իսահակյան

Թիֆլիս–Վենետիկ

1921 թ., հոկտեմբերի 4, Թիֆլիս

Ավո ջան,

Ստացել եմ նամակդ1։ Ասում ես՝ եթե հարմար ժամանակ է՝ կանչի′ր, ես կգամ։

Հարմար ժամանակը՝ ես չգիտեմ դու որ ժամանակին ես ասում, բայց ասում եմ. — Արի՛։

— Արի՛, Ավո ջան։

Մեզ համար հարմար ժամանակ չեղավ և գուցե չլինի էլ, բայց արի։

Կգաս, կտեսնես մեր աշխարհքը ավերված, մեր ժողովուրդը կոտորված, կենդանի մնացածն էլ կոտրված, ջարդված, մեր հարազատների ու ընկերների շրջանները նոսրացած։ Կտեսնես, թե աշխարհքի էս ծով վշտից ինչ ահագին բաժին է ընկել առանձնապես ինձ ու քեզ, բայց արի։

Ես գիտեմ, որ էդտեղ էլ քեզ համար հարմար բան չկա, ոչ տեղ, ոչ Ժամանակ, ոչ շրջան, ոչ միջոց։

Վերջապես՝ երևի կարոտել ես մեր հող ու ջրին, քո հարազատներին ու ընկերներին։ էդ ամենի հետ միասին քեզ պետք է ասեմ, որ մեր այժմյան կառավարությունը շատ ավելի լավն է՝ քան կարող ես երևակայել։ Մանավանդ գրականությունն ու գեղարվեստը երբեք էսքան ուշադրության առարկա չեն եղած մեր աշխարհքում:

Մինչև իմ նամակի քեզ հասնելը դու արդեն իմացած կլինես, որ մի շարք գրողների ու գեղարվեստագետների կենսաթոշակ են նշանակել, իսկ շուտով կհրատարակվի և կիմանաս, որ տալիս են ամեն արտոնություն, ամեն հարմարություն ու հնարավորություն2։ Նրանց թվում կկարդաս և քո անունը։ Քեզ համար խոսել ենք բոլոր կոմիսարների հետ, առանձնապես