էնքան խոսք եղավ էդ մասին, որ վերջը ես էլ էնպես կարծեցի, թե ճշմարիտ գալիս ես, և մնում էր մեզ համար միայն ժամանակը գտնել, թե երբ ես լինելու էստեղ։ Իհարկե, ամենից հաստատ դու կիմանաս, և լավ կլինի, որ գրես, մենք էլ միամտվենք։
Չգիտեմ ինչ ես կարդացել իմ մասին, որ կարծում ես*, թե քու բացակայությանբ շատ ավելի մի մեծ բան եմ դառել— միայն մի բանը ճշմարիտ է, որ այժմ ավելի հին ասեմ, թե անվանի եմ համարվում, շատերն էլ հաճախ գովում են, էդ էլ ճշմարիտ է, բայց ավելի ճշմարիտ է էն, որ սիրտս թառամել է դրանց ժպիտների համար և շատ քիչ արժեք ունեն ինձ համար, գրեթե չունեն։ Քիչ մարդիկ կան, որ համ ճաշակ ու սիրտ ունեն, համ էլ սրտալի են մոտենում և մարդ զգում է ջերմությունը անկեղծության և սիրո, մնացածները տափակ, հիմար, կեղծավոր, անբովանդակ կամ, հաճախ, զզվելի բովանդակության մարդիկ են։
Մի քանի տարի առաջ մի ոտանավորի մեջ ասել եմ.
Ճիշտ էսպես։
Իսկ ազնիվն ու լավը արդեն փորձով գիտենք, որ հազվագյուտ բան է կյանքում։ Բնությունն էլ էդ կողմից բանաստեղծների նման է։ Բանաստեղծները գրում են, գրում են, վերջը հարյուրավոր երգերի միջից միմիայն մի քանիսն են դուրս գալի լավը։ էդպես էլ մարդիկ — ծնվում են, ծնվում են, մեծ մասը կամ ապուշ, կամ գող, կամ մարդասպան, վերջապես ամենալավ դեպքում հացի ոջիլ (սա մի տեսակ բողոճ է, որ հացը փչացնում է)։ Բայց ախր մենք ուրիշ բան ենք ուզում, ուրիշ արարած։
Սակայն էս թողնենք, անարդար ու անտեղի պահանջ է, համ էլ շատ հեռու կտանի։ Խոսքն իմ մասին էր։ Այո, շատերն են հետաքրքրվում, հարգում, սիրում։ Կան և մտերիմ հոգիներ։ Բայց ուրիշ էր Ֆիլիպը։ Երբ մի բան էի գրում կամ