Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/427

Այս էջը հաստատված է

որի մեջ շատ բան կա մեր հասարակական-գրական (մանավանդ Միք․ Նալբանդյանին) և քաղաքական կյանքին (կաց գրիչս փոխեմ) վերաբերող նյութեր։ Նույնպես և իր ժամանակին հայտնի Ջալալյան արքեպիսկոպոսի գրությունները Պոլսի մեծամեծերի և պաշտոնական մարդկանց, ինչպես և ռուս բարձր պաշտոնյաների հետ։ Գնել եմ երկու տեղից։ Երկուսն էլ կան։ Վճարել եմ 200-300 ռուբլի։ էս մին։

2. Ունեմ հոլանդական մեծ մինիատյուրիստ Կալֆի գործը, որ կլասիկ գործ է։ Կարող ես կարդալ Բրոկհաուզի էնցիկլոպեդիայում (հավելվածում) կամ «Большая энциклопедия»-ում և կտեսնես, որ ասված է, թե եվրոպական մուզեյները Կալֆ են որոնում, և որ Ռուսաստանը ունի 2 թե 3 հատ, լավ չեմ հիշում, էրմիտաժում, համարներն էլ նշանակված են էնցիկլոպեդիայում։

Անցյալները մոտիցս տարան ստուգելու։ Եկան, հայտնեցին, թե իսկական Կալֆ է, պատերազմից առաջ գինը (Կալֆի) եղած է քսանհինգ հազար ռուբլի ամենաքիչը։ Ռուսներ էին։ Ես, իհարկե, շատ քիչ եմ հասկանում, եթե ավելի պակասը չասեմ։

Եթե ձեզ հարկավոր է, և երբ ճիշտ Կալֆ է, և եթե էդքան էլ թանկ արժե – վճարեցեք մի քսանհինգերորդ մասը գնի ու տարեք, ձեզ հալալ։ Դրանից հետո՝ 3. ունեմ «Գրաֆիշե Կունստի» և «Մոդեռն Կունստի» 50 տարին, ամեն մեկից 25 տարի4։ էստեղ ստացված են Գերմանիայից կատալոգներ, որոնց մեջ նշանակված է, թե դրանք բարձրացել են 10 անգամ։ Մանավանդ, նշանավոր է. «Գրաֆիշե Կունստը»։ Ես, իհարկե, դարձյալ հմուտ չեմ սրան էլ։ Եթե ախորժակ ունեք, էս էլ լավ ապրանք է։

4. Ձեզ համար, իհարկե, ինչպես և գրում ես, շատ լավ ապրանք է իմ մանկական գրականությունը։ Կուզեք մի գրքի մեջ միասին հրատարակեցեք, կուզեք առանձին-առանձին, հարկավ պատկերազարդ։ Կլիշեներն էլ հազիր կան։

Իհարկե, առանձին-առանձինը ավելի լավ է և ձեռնտու երեխաների համար։ Ընտրությունը կանենք միասին։